Աջակցությունը Ուկրաինային շարունակվել է ինչպես Ջո Բայդենի, այնպես էլ Թրամփի վարչակազմերի օրոք


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել, քան աշխարհի որևէ այլ երկիր։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը չի միջամտել Starlink և Starshield արբանյակային կապի համակարգերի վերաբերյալ Իլոն Մասկին պատկանող ընկերության որոշումներին՝ ընդգծելով, որ դրանք մասնավոր ընկերության կառավարման ներքո են։

Ռուբիոյի խոսքով՝ Starlink-ը մասնավոր ընկերություն է, որն ունի իր պայմանագրերն ու տեխնոլոգիաների օգտագործման պայմանները։ «Մենք չենք կարող թելադրել մասնավոր ընկերությանը, թե ինչ որոշումներ պետք է կայացնի։ Թրամփը կամ մեր համակարգում որևէ այլ մեկը երբեք չի պահանջել փոփոխություններ կատարել այդ համակարգում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա հերքել է այն տեղեկությունները, թե ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային զրկել է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցներից։ «Տարածվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը, իբր, Ուկրաինային զրկում էր իր երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ ինչ-որ բանից։ Դա ճիշտ չէ։ Դա իրականությանը չի համապատասխանում, և Ուկրաինայի ղեկավարների կողմից այդ պնդումների շարունակական կրկնությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Ռուբիոն։

Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը չի վերահսկում Մասկի ընկերությունները և չի կարող նրանց թելադրել որևէ որոշում։ «Թրամփը որևէ առնչություն չունի Starlink-ի, Starshield-ի և պարոն Մասկի կողմից ընդունվող որոշումների հետ։ Դա մասնավոր ընկերություն է։ Թրամփը չի ղեկավարում այդ ընկերությունը և չի կարող նրան որևէ բան անել թելադրել»,- ասել է նա։

Ռուբիոն հիշեցրել է նաև Ուկրաինային տրամադրված ամերիկյան օգնության ծավալների մասին՝ նշելով, որ աջակցությունը շարունակվել է ինչպես Ջո Բայդենի, այնպես էլ Թրամփի վարչակազմերի օրոք։

«Եթե չլիներ Միացյալ Նահանգների՝ միլիարդավոր դոլարների հասնող օգնությունը, որը Ուկրաինան ստացել է Բայդենի վարչակազմի օրոք և շարունակում է ստանալ նաև այս վարչակազմի օրոք, այսօր Ուկրաինա չէր լինի»,- հայտարարել է պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև ամերիկյան օգնության արդյունքում փրկված մարդկային կյանքերի թիվը։ «Քանի՞ միլիոն մարդու կյանք է փրկվել այն ամենի շնորհիվ, ինչ Ամերիկան արդեն տրամադրել է։ Աշխարհում ոչ մի երկիր Ուկրաինային այնքան օգնություն չի ցուցաբերել, որքան Միացյալ Նահանգները, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի օրոք։ Եվ դա շարունակում է այդպես մնալ»,- ասել է Ռուբիոն։

Անդրադառնալով պատերազմի տևողությանը՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ սկզբում շատերը կանխատեսում էին դրա արագ ավարտը, սակայն հակամարտությունը շարունակվում է արդեն տարիներ։

«Հիշեք՝ մարդիկ կանխատեսում էին, որ այս պատերազմը կավարտվի հինգ օրում։ Իսկ այժմ մոտենում ենք հինգերորդ տարվան։ Դրա համար մեծապես պետք է շնորհակալ լինել ուկրաինացի մարտիկներին և նրանց խիզախությանը»,- ընդգծել է նա։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *