«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ բողոքի ակցիա է․ գնորդը սպասում է դատարանի որոշմանը

«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ այսօր բողոքի ակցիա է։ Գործարանի գույքային համալիրը ձեռք բերած «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն դժգոհ է սնանկության դատարանի՝ վաճառքի գործընթացը հաստատող որոշման ձգձգումից։

Ընկերության ֆինանսական վերահսկողության ղեկավար Արսեն Պողոսյանի խոսքով՝ սեպտեմբերի 30-ին դիմել են սնանկության կառավարչին՝ գույքը ուղիղ վաճառքով ձեռք բերելու համար։ Հոկտեմբերի 6-ին պարտատերերի ժողովը դրական եզրակացություն է տվել, ինչից հետո սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն դատավոր Աշոտ Ջավախյանը մինչ օրս որոշում չի կայացրել։

Պողոսյանի խոսքով՝ գործարանի աշխատանքի վերսկսումը կարող էր մեղմել շուկայում ցեմենտի դեֆիցիտը։ Նա նշել է, որ գործընթացի հետագա ձգձգման դեպքում ընկերությունը կդիմի օրենքով նախատեսված քայլերի։

Ակցիայի մասնակից Լևոն Կակոսյանն էլ հայտնել է, որ արդեն պլանավորել են ներդրումներ և մասնագետներ են ներգրավել, սակայն սպասում են գործարքի վերջնականացմանը՝ գործարանի աշխատանքը կազմակերպելու համար։

Նշենք, որ 2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։

«Հրազդան» ցեմենտի գործարանը Հայաստանի ծանր արդյունաբերության խոշոր ձեռնարկություններից է՝ տարեկան մինչև 1.2 միլիոն տոննա ցեմենտ արտադրելու հզորությամբ։ Վերջին տարիներին այն փաստացի չէր աշխատում՝ կուտակված պարտքերի և սնանկության գործընթացի պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *