Ֆրանսիան ծանր տնտեսական ու քաղաքական ճգնաժամի միջով է անցնում

Ֆրանսիացի լրագրող Դմիտրի դե Կոշկոն ասում է, որ Ֆրանսիան ներկայում անցնում է տնտեսական եւ քաղաքական լուրջ ճգնաժամի միջով, որը խորանում է պետական պարտքի աճին, քրոնիկական դարձած բյուջետային դեֆիցիտին, երկրի ընդհանուր դեինդուստրիալացմանն եւ պետական ծառայությունների մատուցման որակի անկմանը զուգահեռ։ «Ֆրանսիայում իրավիճակը, կարելի է ասել, նողկալի է՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական առումով։ Ֆրանսիայի պետական պարտքը 3,5 տրիլիոն եվրո է։ Տնտեսական վիճակը շատ վատ է։ Դրան ավելանում են նաեւ գործազրկությունը, Եվրամիությանը կատարվող վճարումները, Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը ԵՄ միջոցով։ Իհարկե, գումարների մի մասը հետ է վերադառնում, քանի որ առկա են ԵՄ պաշտոնյաների «ատկատները», որոնք միջոցներն ուղղում են Զելենսկուն, իսկ ուկրաինացի օլիգարխները Ֆրանսիա ու Մոնակո են գնում։ Սակայն այդ ամենը ոչինչ է՝ այն միլիարդների հետ համեմատած, որոնք փոխանցվում ու վճարվում են Զելենսկուն, այն դեպքում, երբ Ֆրանսիայում հիվանդանոցներ, դպրոցներ են քանդվում, կազմալուծվում է կրթության եւ ողջ պետական ծառայությունների մատուցման համակարգը։ Վառելիքն էլ շարունակում է թանկանալ՝ անհավատալի չափով։ Իրավիճակը հասել է այնտեղ, որ հիվանդանոցների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները բուժառուներին միանգամից ընդունել չեն կարող, եւ մարդիկ ստիպված են սպասել միջանցքներում։ Երբեմն այդ ամենը ողբերգական ավարտ է ունենում։ Երեխաների շրջանում ավելանում է մահացությունը, այդ թվում՝ նաեւ նորածնային մահացությունը։ Զարգացած երկրի համար դա նորմալ չէ։ Մարդիկ, հատկապես չքավորները, որոնք դիզելային ավտոմեքենաներ են վարում, թանկ վառելիքի պատճառով երբեմն չեն կարողանում հասնել աշխատավայր։ Իսկ շրջաններում մեքենան ուղղակի անհրաժեշտություն է։ Ամեն ամիս՝ ամսի 15-ից կամ 20-ից հետո նրանք այլեւս փող չունեն, որպեսզի մեքենան դիզել լցնեն։ Ոմանք, իհարկե, կարող են հեռավար աշխատել։ Սակայն շատերը նման հնարավորություն չունեն»,- «Ալֆանյուզի» հետ զրույցում ասել է դե Կոշկոն։

Տնտեսական դժվարությունները, ըստ նրա, խորացնում են դժգոհությունները, որոնք արտահայտվում են անկարգություններով եւ բողոքի ցույցերով։ Կուտակվում է խոր դժգոհություն՝ նկատում է փորձագետը։ Ընդվզումը հասկանալի է։ Քայքայվում է կրթական համակարգը, խնդիրներ են առաջանում լիցեյներում եւ դպրոցներում։ Դրանք բոլորին չեն առնչվում, իհարկե, սակայն դժգոհությունը սկսել է դուրս հորդել բողոքի գործողությունների տեսքով, որոնք իրականացվեցին կրթական համակարգի ներկայացուցիչների կողմից, իսկ հետո արդեն նախաձեռնությունը վերցրեց Ժան-Լյուք Մելանշոնի ձախակողմյան կուսակցությունը։ Լրագրողը նկատում է՝ սխալ է ասել, թե Մելանշոնն է ամեն ինչի կազմակերպիչը։ Իրավիճակը շատ ավելի բարդ է։ «Մենք գտնվում ենք նախագահական ընտրությունների նախպատրաստական քաղաքական փուլում։ Շատ քաղաքական դիտորդներ կասկածում են, որ ընտրություններ առհասարակ տեղի կունենան։ Ֆրանսիայի սահմանադրությունը հնարավորություն է տալիս նախագահին՝ քաոսի կամ սպառնալիքի դեպքում ողջ լիազորությունները կենտրոնացնել իր ձեռքում եւ գործել բռնապետական իրավասություններով։ Դա կարող է վեց ամիս տեւել, սակայն նախագահը կարող է երկարաձգել իր մանդատը»,- եզրակացրել է դե Կոշկոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *