Չինաստանից ապրանք ենք բերելու Ադրբեջանի տարածքով, ի՞նչ կա հեգնելու

Գրել էինք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։ Քննարկման ընթացքում ընդդիմությունն ու իշխանության ներկայացուցիչը տարակարծիք են եղել նախագծի հնարավոր հետևանքների, Հայաստանի շահերի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը քննադատել է իշխանության՝ համաձայնագրի վավերացման և շինարարական աշխատանքների մեկնարկի հարցում շտապողականությունը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված և վավերացված չէ, մինչդեռ Հայաստանը շարունակում է առաջ շարժվել մի նախագծով, որը կարող է ազդել տարածաշրջանային ուժերի հարաբերակցության վրա։

Պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ առանց համապարփակ կարգավորման հասնելու՝ Հայաստանը հերթական կարևոր հարցում ընդառաջում է Ադրբեջանի պահանջներին՝ չունենալով բավարար հակակշիռներ։ Նա ընդգծել է, որ դեռևս լուծված չեն հայ գերիների վերադարձի, խաղաղության ամուր երաշխիքների ապահովման և Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը։

Մաթևոսյանի գնահատմամբ՝ այս պայմաններում համաձայնագրի առաջմղումը կարող է հանգեցնել միակողմանի զիջումների և թուլացնել Հայաստանի բանակցային դիրքերը։

Ի պատասխան՝ փաստաթուղթը խորհրդարանում ներկայացնող արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձել է՝ կոչ անելով հստակեցնել, թե համաձայնագրի որ դրույթով է Հայաստանը զիջում իր շահերը։

Նախարարի խոսքով՝ նախագծի հիմնական նպատակը Հայաստանի տրանսպորտային և առևտրային հնարավորությունների ընդլայնումն է։ Նա նշել է, որ երկիրը շահագրգռված է հնարավորինս արագ կազմակերպել ապրանքների փոխադրումները դեպի Չինաստան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև զարգացնել առևտրային կապերը Ղազախստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի հետ։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ծրագրի արդյունքում Ադրբեջանը կապվելու է Նախիջևանին՝ Միրզոյանը շեշտել է, որ նույն ենթակառուցվածքային հնարավորությունները կարող են օգուտ բերել նաև Հայաստանին՝ ընդլայնելով նրա կապը Չինաստանի և այլ շուկաների հետ։ Նախարարի համոզմամբ՝ Ադրբեջանի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորությունը Հայաստանի համար տնտեսական առավելություն է, ոչ թե կորուստ։ Նա նախագիծը բնութագրել է որպես փոխշահավետ նախաձեռնություն։

Միրզոյանը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն արդեն իսկ իրականացվում են, և Հայաստանը սկսել է օգտվել այդ հնարավորությունից՝ չսպասելով հարավային ուղղությամբ երկաթուղու կառուցման ավարտին, որով նախատեսվում է ապրանքներ տեղափոխել դեպի Նախիջևան։

Նախարարը հարց է բարձրացրել, թե ինչու պետք է այդ գործընթացից միայն Ադրբեջանն օգտվի, եթե նույն ճանապարհը կարող է տնտեսական օգուտներ ապահովել նաև Հայաստանին։

«Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա»,- ասել է Միրզոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *