Բնական կարմիր ավելի մրցունակությունը տեղական շուկայում նվազել է


Սորգո տեխնիկական մշակաբույսի կամ կենցաղում օգտագործվող ավելի ցանքատարածքներն Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում զբաղեցնում են մշակովի հողատարածքների շուրջ 40 տոկոսը: Ավելի մշակությունը բանջարեղենի համեմատությամբ ավելի հեշտ է, բայց որոշակի խնամք է պահանջում: Սակայն գյուղի բնակիչներն ասում են՝ իրենց աճեցրած  բնական կարմիր ավելի մրցունակությունը տեղական շուկայում նվազել է՝ տեղը զիջելով ներկված ավելներին:

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի փողոցներում աշնան արևի տակ չորանում է սորգո տեխնիկական մշակաբույսը կամ կենցաղում օգտագործվող ավելը: Բերքահավաքը գրեթե ավարտվել  է. քաղում են այն ժամանակ, երբ կարմրում է: Մյուս մշակաբույսերի համեմատությամբ  սորգոյի մշակություրնն ավելի հեշտ է. ապրիլին ցանում են, մի անգամ քաղհանում և մոտ 10 անգամ  ոռոգում: Սերմերը ցանելու տեխնիկային, սակայն,  քչերն են տիրապետում:

«Հատուկ ցանողներ կան, իրենք գիտեն, թե ինչ հեռավորության վրա ցանեն, որ գոնե քաղհանը շատ խիտ չլինի: Եթե խիտ է լինում, ապա բույսը բարակ ու նվազ է աճում և ոռոգման ժամանակ շուտ թեքվում ու պառկում է հողի վրա»:

«Քաղհանելիս մի թիզ հեռավորություն են պահպանում, որ բույսը հաստ լինի ու շատ մանր ավելներ չլինեն: Քաղհանում են, երբ ցողունները 10 սմ  են դառնում»:

Զարթոնքում  մշակովի հողերի 40 տոկոսը բաժին է ընկնում սորգո մշակաբույսին: Գյուղացիներն ասում են՝ տարիներ առաջ տեխնիկական այս բույսի մշակությունն ավելի արդյունավետ էր, պահանջարկն էլ՝ մեծ։ Հիմա տեղական ավելի մրցունակությունը նվազել է: Արթուր Հարությունյանն ասում է՝ ներկրված ավելի պատճառով տեղականը վատ է վաճառվում:

«Պիտի կարողանան իրացնել, միայն այս հայկական սորգոն չի, դրսից այնքան են բերում, որ սա մի քիչ դժվար է ծախվում:  Դրսինը  խակ է ու ներկրած, կանաչը՝ կրմրացրել են, իսկ սա բնական կարմիր է, հասած, չի կոտրվում»:

Արթուրն այս տարի սորգո մշակաբույսը ցանել է մոտ 5000 քմ հողատարածքում: Տարվա բերքից չի դժգոհում, որակյալ ավել է ստացել, իրացնելու մասին էլ չի մտածում, պատվերով է աշխատում։ Ասում է՝ ավելն այստեղ փոխաբերական իմաստով հաճախ դոլար են անվանում, քանի որ չի փչանում և ցանկացած ժամանակ վաճառվում է:

«Ընդհանուր առմամբ 1000 քմ տարածքից մոտ 300 հատ ավել է լինում, դե 5000 քմ-ից՝ 1500 հատ: Ես հիմնականում անհատների հետ եմ աշխատում, շուկա չեմ տանում: Զանգում են, ուզում, ես էլ պատրաստում ու թանկ տալիս եմ, քանի որ որակով է»:

Մարգարիտա Մովսիսյանն անցած տարվա համեմատ ավելի լավ բերք է ստացել: Արդյունքը եկամտաբեր չէ, բայց ծախսերը ծածկում է՝ ասում է տիկին Մարգարիտան:

«Էս տարի՝ ոչինչ, իսկ անցած տարի այ  այսպես ցախ էր, պարարտանյութն ու ոռոգումը երևի քիչ էր, տնեցիները զբաղված էին: Իսկ այս տարի տեղը տեղին մշակեցին, բայց ոչ մի սնուցում չենք տվել հողին: Փառք Աստծո, որ այսքան էլ եղել է»: 

Սնուցում ասելով՝ տիկին Մարգարիտան նկատի ունի գոմաղբը, որով հարստացնում են գյուղի 4-րդ ու 5-րդ կարգի հողերը: Դրանք պետք է ժամանակին նաև ոռոգեն։ Ավազուտ հողերում աճող բույսն ավելի շատ ջուր է պահանջում, բայց արագ էլ կարմրում ու հասունանում է:  Ավելի մշակությունն այնքան էլ ծախսատար չէ: Վարձու աշխատողներ բերում են միայն քաղհանի ու բերահավաքի ժամանակ: Լավ հասունացած ավելի ցողունները մինչև 3 մետրի են հասնում:  Բերքահավաքին  տեխնիկա են օգտագործում, իսկ հիմնական աշխատանքը՝ ձեռքով անում:

«Տրակտորը միայն ցողունները պառկեցնում է, մնացածը լրիվ աշխատող ուժն է անում: Սովորական տրակտոր է, ցողունները կոտրում, պառկեցնում է, աշխատողները ծայրերից 1.5 կտրում են, այն, ինչը պետք է, մնացածը թողնում հողի մեջ»:        

Հետո խրձեր են անում ու բերում տուն, սակայն դրանով աշխատանքը չի ավարտվում: Տանը ցողունները կեղևազերծում են, սերմերը հանում, չորացնում ու պահում: Արթուրն  ավելի խուրձը մոտեցնում է միացված սարքին ու վայրկյաններ անց ցողունները մաքրում սերմերից: Սորգոյի սերմերը նույնպես վաճառում են, ասում է, օգտագործում են որպես անասնակեր։

«Սա կեղևազերծած ցողուններն են, սա՝ սերմերը հանած, սա էլ՝ սերմը: Այս սերմերը մենք ծախում են, մարդիկ առնում են, աղում ու տալիս անասուններին: Վաճառում ենք 1 կգ-ը 90-100 դրամով: Սերմերը հիմնականում սպիտակուց են պարունակում, շատ յուղոտ  կեր է, անասուններին բտելու համար են տալիս»:

Սերմերից բացի անասնակեր է նաև ավելի կեղևը՝ ծղոտը, սակայն գյուղում հիմա քչերն են զբաղվում անասնապահությամբ, ուստի ծղոտը հիմնականում այրում են:

armradio.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *