Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մեր նախագահը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է, որ մենք, ընդհանուր առմամբ, պատրաստ ենք նոյեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում վերսկսել վերոնշյալ եռակողմ բանակցությունները՝ հիմնական թեմայի շուրջ։ Այդ թեման վերաբերում է հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության համակարգի ձևավորմանը», – ասել է Յուրի Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականը պարզաբանել է, որ նախատեսված շփումների հերթական փուլը տապալվել է ուկրաինական վարչակարգի պատճառով՝ ռուսական քաղաքներին և ընտրատեղամասերին հասցված հարվածների հետևանքով, որոնց արդյունքում զոհվել են ընտրական հանձնաժողովների աշխատակիցներ։ Յուրի Ուշակովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի միջնորդական ջանքերը։ Նրա խոսքով՝ ամերիկացի բանագնացը վստահություն է հայտնել, որ Մոսկվայի՝ երկխոսության պատրաստակամությունը դրականորեն կընդունվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Նա նաև կարծիք է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին։
«Չգիտեմ՝ որքանով ենք մոտեցել դրան, բայց ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ»,– նշել է Ուշակովը։
Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ, իսկ դրա հիմնական թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն էր։ Դրանից մեկ օր առաջ Սթիվ Ուիթքոֆը բանակցություններ էր վարել Օսլոյում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, եվրոպացի առաջնորդների և Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մի շարք ներկայացուցիչների հետ։