Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը նշել է, որ գործը քննվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ։
Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատարանը եզրահանգել է, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումը Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն են և առնչվում են եկեղեցու ինքնակառավարմանն ու ներքին կյանքին։
«Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության»,- գրել է փաստաբանը։
Նրա տեղեկացմամբ՝ դատարանը վերացրել է նաև նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։
Զոհրաբյանը հիշեցրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատական ակտի կատարումը ենթադրաբար խոչընդոտելու առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Գարեգին Բ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականների։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվել էր 2026 թվականի հունվարի 10-ին։ Նրա հայցի շրջանակում դատարանը կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Հունվարի 27-ին Սարոյանը կարգալույծ էր հռչակվել։
Գարեգին Բ Կաթողիկոսի և վեց հոգևորականների վերաբերյալ առանձին քրեական գործով սեպտեմբերի 18-ի նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել վարույթը։ Այդ գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։