ԹՐԻՓՓ. խաղաղության ճանապարհ, թե՞ «պետություն պետության ներսում»

Ներկայացնում ենք mediamonitoring.am կայքի վերլուծությունը Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված TRIPP նախագծի վերաբերյալ։

Ինչ է գրել հայկական մեդիան «Թրամփի ուղու» մասին վերջին երկու շաբաթում և ինչի մասին գրեթե չի գրել

Երեկ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP, ԹՐԻՓՓ) նախագծի շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Ըստ դրա՝ TRIPP-ի զարգացման ընկերությունում ԱՄՆ-ը կունենա բաժնետոմսերի 74%-ը, Հայաստանը՝ 26%-ը։

Վարչապետը այս նախագիծը կոչել է Հայաստանի և ողջ տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու «անկյունաքար», ընդդիմությունը՝ «միֆ», իսկ ռուսական պաշտոնական աղբյուրը՝ «պետություն պետության ներսում»։ Գնդակը ԱԺ դաշտում է։ Նրանք են ի վերջո տալու այս նախագծի «գործնական» անունը։

Իսկ հանրությունը ի՞նչ գիտի՝ այդ նխագծի մասին։

Մեդիա մոնիտորինգ իրականացնող հարթակի վերլուծական գործիքակազմով ուսումնասիրվել է հայկական մեդիայի 34,797 նյութ՝ հրապարակված հոկտեմբերի 6–18-ը։ Դրանցից 549-ը ԹՐԻՓՓ-ին մասին է։ Մեդիա մոնիտորինգը ցույց է տալիս, որ թեման հայկական մեդիայի ամենօրյա ներկայություն ունի՝ միջինում 50 նյութով։ Հրապարակումների պիկը եղել է հոկտեմբերի 8-ը՝ 92 նյութ։ Այդ օրը Գորիսում հայ-ադրբեջանական տեխնիկական հանդիպումն է տեղի ունեցել, մեդիան նաև անդրադարձել է Տոկաևի առաջարկին ու շարունակել քննարկել Շաքիի դեպքը։

Ամենաուշագրավը, սակայն, այն է, ինչը լրահոսն ուղղակի անտեսել է։

74 տոկոսի լռությունը

Նախագծի սիրտը TRIPP Development Company-ն է, և հենց դրա բաժնետոմսերի բաշխումն է առաջիկայում քննարկվելու ԱԺ-ում և դանալու պաշտոնական փաստաթղթի մաս։ Ուսումնասիրված ժամանակահատվածում լրատվամիջոցների հրապարակած տվյալներով՝ առաջին փուլում ընկերության 74%-ը պատկանելու է ամերիկյան կողմին, 26%-ը՝ Հայաստանին։ Ընկերությունը ենթակառուցվածքների զարգացման իրավունք կստանա 49 տարով՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ Հայաստանի մասնաբաժինը հետագայում կարող է հասնել մինչև 49%-ի։ Այսինքն՝ Հայաստանը երբեք չի դառնալու այս նախագծում վերջնական որոշում կայացնողը։

Սակայն մեդիան այս կարևորագույն կետին անդրադարձել է ընդամենը 9 անգամ։

Համեմատության համար. Իրանը հիշատակվել է ԹՐԻՓՓ-ի մասին 167 նյութում, Ռուսաստանը՝ 138-ում, ԱԺ վավերացումը՝ 86-ում։ Այլ կերպ ասած՝ հայկական մեդիան շատ ավելի շատ է քննարկել, թե ինչ կմտածեն Թեհրանում և Մոսկվայում, քան այն, թե ում է պատկանելու Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կառավարող ընկերության վերահսկիչ բաժնեմասը։

Ընդ որում՝ այդ քիչ հիշատակումներից մի քանիսը եկել են ռուսական աղբյուրներից։ Օրինակ՝ հայկական մեդիայում վերատպել է svpressa.ru-ի հոդվածը, ըստ որի՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը պնդել է, թե 26%-ով «Երևանն, անշուշտ, չի ունենա վերահսկիչ փաթեթ», և որ Վաշինգտոնը Հայաստանում ստեղծում է «պետություն պետության ներսում»։ realtribune.ru-ից վերատպված մեկ այլ վերլուծություն, որը հայկական կայքում հրապարակվել է «Ադրբեջանը պատրաստվում է օկուպացնել Հայաստանի Սյունիքը» վերնագրով, գրել է, որ ընկերությունը «դեռևս չի ստեղծվել», իսկ շրջանակային համաձայնագիրն «ինքնին պարտադիր չէ»։

Իրանի «սոուսը» և Արաղչիի խոսքերը

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը իրանցի պաշտոնակցին ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի հնարավորությունները։ Վերադառնալով՝ նա Ազգային ժողովում հայտարարել է, որ Իրանում «ամբողջովին բավարարված են» հայկական կողմի «կատարյալ թափանցիկությամբ», իսկ «աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը»։

Մինչդեռ Aztag Daily-ն գրել է, որ նույն հանդիպման ժամանակ Աբբաս Արաղչին «նորէն յիշեցուցած է Թեհրանի զգուշացումը»՝ «Հարաւային Կովկասի մէջ երրորդ կողմի ներկայութեան հետեւանքներուն մասին»։ Իսկ «Ինչ է ասել Ղալիբաֆը Միրզոյանին, որի մասին հայկական իշխանությունները լռում են» հոդվածի հեղինակը պնդել է, որ ԱԳՄԱ-ի հաղորդագրությունը «պուպուշ» էր, մինչդեռ իրանական հաղորդագրության համաձայն՝ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ «ոչ ռեգիոնալ երկրների միջամտությունը կարող է միայն անկայունություն առաջացնել»։

Հոկտեմբերի 16-ին Միրզոյանն ավելի կոշտ է արտահայտվել մեդիայի հասցեին. «Այն մեկնաբանությունները, այն «սոուսը», որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները TRIPP-ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ՝ էականորեն հեռու են իրականությունից, ապա էականորեն ուռճացված են»։ Նա առաջին անգամ բացեիբաց ասել է, թե ինչ է հարցրել Թեհրանը. «Ասում են՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով։ Ասում ենք՝ չի՛ լինելու։ Թղթերն այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում»։

Նույն օրը Երևանում Արաղչին տվել է երկու պատասխան։ Մի կողմից. «Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին»։ Մյուս կողմից. «Ըստ էության, մենք մտահոգություններ ունենք տարածաշրջանում և մեր հարևանությամբ ցանկացած ներկայության վերաբերյալ»։

Ռուսական «ոչ մի դիմում»

Ռուսական գիծը լրահոսում անցել է երեք փուլով։

Հոկտեմբերի 6-ին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ նախագիծն «առայժմ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ», և որ չկան տվյալներ տեխնիկական պարամետրերի, ժամկետների և բեռնահոսքի մասին։

Հոկտեմբերի 15-ին Բաքվում Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Մենք ոչ մի դիմում չենք ստացել… սակայն մեր հնարավորությունների և մեր պատրաստակամության մասին բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն»։ Նա հիշեցրել է, որ «Ռուսական երկաթուղիներն ունեն կոնցեսիա», և ամբողջ ենթակառուցվածքը «տեխնոլոգիապես սպասարկվում է մեր կողմից»։

Ամենասուր մեկնաբանությունը տվել է «Հրապարակը»՝ «Ինչպես Մոսկվան Երեւանում փակեց «երրորդ երկրների» մասին հեքիաթը» հոդվածով։ Թերթը մեջբերել է Փաշինյանի հոկտեմբերի 14-ի խոսքերը. «Մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ», իսկ նահանջի մասին հարցին նրա պատասխանը եղել է. «Դե, մենք չենք գրոհել, որ մի հատ էլ նահանջենք»։

Ամերիկյան Central Asia-Caucasus Institute-ի վերլուծությունը, որը վերատպել է ABCmedia-ն, ավելի զուսպ է, բայց ոչ պակաս անհանգստացնող. Մոսկվան կարող է փոխհատուցում պահանջել հայկական երկաթուղում իր ներդրումների համար կամ մասնակցություն նախագծին, և «TRIPP-ի իրականացումը կախված է քաղաքական և ռազմավարական համաձայնագրերի ավելի լայն շրջանակից, որոնք տարածվում են Հայաստանից և Ադրբեջանից շատ ավելի հեռու»։

Մի ճանապարհ, երկու անուն

Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում Փաշինյանը ծաղրանքով պատասխանել է վավերացման մասին հարցին. «Դա Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև միջպետական պայմանագիր է, հիմա ուզում եք ուղարկենք մի հատ էլ Ադրբեջանի խորհրդարանը վավերացնի՞»։

Մեկ օր առաջ Բաքվում Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի հետ քննարկել էր հենց ԹՐԻՓՓ-ը։ Ադրբեջանական կողմը պնդել է, որ նախագիծը պետք է ապահովի «անխափան կապ» դեպի Նախիջևան։ Այս հանդիպումը միայն մեկ օրում արժանացել է տասնյակ վերնագրերի։

Բաքվից հնչել են նաև շատ ավելի կոպիտ ձայներ։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը գրել է. «Եկեք խոսենք մեր Զանգեզուրի մասին, որը մենք պետք է վերադարձնենք»՝ պնդելով, թե Ադրբեջանն «իրավունք ունի ձեռնարկել քաղաքական և ուժային լայնածավալ միջոցառումներ»։ 1in.am-ը գրել է, որ Բաքուն արագացնում է Նախիջևանի 194 կիլոմետրանոց երկաթուղու վերակառուցումը և փորձում «Զանգեզուրի միջանցք» անվանումը «ամրագրել միջազգային քաղաքական բառապաշարում»։

Կառավարությունը խոսում է իր ինքնիշխանության ներքո անցնող ճանապարհի մասին, Բաքուն՝ միջանցքի։ Այս հակասությունն է, թերևս, ԹՐԻՓՓ-ի մասին ամբողջ մեդիաքննարկման առանցքը։

Շաքին՝ որպես «պիլոտային ծրագիր»

Ներքին քննադատության ամենաշատ տարածված ձևակերպումը եկել է Շաքիի դեպքից։ Անդրանիկ Թևանյանը գրել է. «Խաղաղությունը մտավ Շաքի. TRIPP-ն անցնում է Շաքիով»։ Նրա պնդմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը, սահմանը հատելիս, «հայի երես չի տեսել», իսկ մաքսային և անվտանգության ծառայությունները «back office-ում են նստած եղել». «Ադրբեջանցին, կարելի է ասել, TRIPP-ի պիլոտային ծրագիր է իրականացրել»։

Ընդդիմության այլ ձայներն ավելի սուր են եղել։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԹՐԻՓՓ-ն անվանել է «միֆ». «Եթե TRIPP-ը չի լինում, հայ ժողովուրդը ապագա չի՞ ունենում»։

Արտակ Զաքարյանը գրել է, որ Փաշինյանը «իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրել է, թե Մեղրիից Հայաստանի այլ մարզեր գնացքները, ավտոմեքենաներն ու հոսանքն ինչպես են անցնելու։

«Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանը Իրանի դեսպանի հետ հանդիպումից հետո ասել է, թե «շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը»։

Ինչ է ցույց տալիս մեդիան

Երկու շաբաթվա լրահոսը ցույց է տալիս, որ ԹՐԻՓՓ-ը հայկական մեդիայում ներկայացվում է ոչ թե որպես տնտեսական նախագիծ, այլ որպես աշխարհաքաղաքական թեստ։ Լրահոսի զգալի մասը կազմել են Թեհրանի, Մոսկվայի, Բաքվի և Աստանայի գնահատականները։ Տոկաևն առաջարկել է ԹՐԻՓՓ-ը ինտեգրել «Միջին միջանցքին», Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկրի դերը «չի կարելի անտեսել»։ Ընդ որում՝ ինքը հայ քաղաքացին, որի տարածքով պետք է անցնի ճանապարհը, լրահոսում հիմնականում ներկա է՝ զուտ որպես լսարան։

Իշխանությունը խոսում է «անկյունաքարի», «ներդրումային գրավչության» և «թափանցիկության» մասին։ Ընդդիմությունը՝ «միֆի», «թուրքական միջանցքի» և «Շաքիի պիլոտային ծրագրի» մասին։ Ռուսական աղբյուրները՝ «պետություն պետության ներսում»։ Եվ այս աղմուկի մեջ գրեթե չեն քննարկվել այն հարցերը, որոնց պատասխանը պետք է իմանա յուրաքանչյուր պատգամավոր՝ կոճակը սեղմելուց առաջ.

Ո՞վ է վերահսկելու ընկերությունը։

Ի՞նչ իրավունքներ է տալիս 26%-ը։

Ի՞նչ է լինելու 49 տարի անց։

Նախագիծն արդեն Ազգային ժողովում է։ Իսկ հարցերը մնում են բաց։

Նյութը պատրաստվել է մեդիա մոնիտորինգ հարթակի վերլուծական գործիքակազմով։ Ուսումնասիրվել է հոկտեմբերի 6-18-ի 34,797 նյութ, որոնցից 549-ում հիշատակվել է TRIPP/ԹՐԻՓՓ/«Թրամփի ուղի» նախագիծը։ Բոլոր մեջբերումները վերցված են այդ նյութերից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *