Հայաստանի դուրս գալու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին․ Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Թվում է՝ Հայաստանը չի քննարկում։ Թվում է՝ նրանք չեն մասնակցում։ Բայց Հայաստանի ներկայացուցիչը շաբաթական մասնակցում է մշտական խորհրդի նիստերին, որտեղ նստում են ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները»,- ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Մասադիկովը։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Երևանի՝ կազմակերպությունից հնարավոր դուրս գալու հարցը կարող է ներառվել ՀԱՊԿ նիստի օրակարգում։ Համապատասխան առաջարկը սովորաբար ներկայացնում է ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը կամ կազմակերպության մեկ այլ անդամ պետություն։

Ավելի վաղ Մասադիկովը նշել էր, որ Հայաստանը դե ֆակտո արդեն դուրս է եկել ՀԱՊԿ կազմից։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը փաստաթղթեր է ուղարկում ներպետական համաձայնեցման համար, այդ թվում՝ Հայաստան։ Սակայն Երևանը յուրաքանչյուր հարցմանը պատասխանում է, որ հայկական կողմը չի մասնակցում քննարկմանը և որոշումների ընդունմանը, բայց միաժամանակ չի առարկում դրանց ընդունմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *