Art Basel Paris-ը վաղաժամ փակվում է


Մշակույթ


Փարիզի Գրան Պալեում անցկացվող ժամանակակից արվեստի խոշորագույն տոնավաճառներից մեկը՝ Art Basel Paris-ը, Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին փակվում է՝ ըստ էության դեռ չբացված, հայտնում է RFI- ն։

Անցած հանգստյան օրերին Art Basel Paris-ի կազմակերպիչները պատկերասրահների ներկայացուցիչներին տեղեկացրել էին անվտանգության ուժեղացված միջոցառումների՝ լրացուցիչ պահպանության եւ պաշտպանիչ արգելապատնեշների տեղադրման մասին։ Սակայն տոնավաճառը աննախադեպ կերպով նախատեսվածից շուտ կփակվի․ այսօր նրա աշխատանքի վերջին օրն է։

Le Figaro թերթը գրում է, որ շաբաթասկզբին Instagram-ի Documentations-art էջում հրապարակվել է հաղորդագրություն՝ «պալատը վերադարձնելու» եւ «արվեստի աշխարհն այսօր սահմանող հեգեմոնիստական ու պահպանողական դիսկուրսի դեմ պայքարելու» սպառնալիքներով։ Հրապարակումը հազարավոր հավանումներ եւ մեկնաբանություններ է հավաքել։

Բազմամիլիոնանոց շահույթ ապահովող տոնավաճառի անցկացումը Փարիզում եւ ամբողջ Ֆրանսիայում կյանքի թանկության դեմ բողոքի ցույցերի օրերին քննադատության է արժանացել ֆրանսիական հասարակության ամենատարբեր շրջանակներում։

Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայով մեկ ծայր առած անկարգություններ ու թալանը պատկերասրահների ներկայացուցիչներին ու կոլեկցիոներներին լրջորեն մտահոգել են։ Նրանցից ոմանք նույնիսկ չեղարկել էին Փարիզ նախատեսված ուղեւորությունները։

Վերջին շրջանում Ֆրանսիայում տեղի ունեցած խոշոր թանգարանային գողությունների շարքը, այդ թվում՝ Լուվրում, Էլզասի Լալիկի թանգարանում, Կանյ-սյուր-Մերի Ռենուարի թանգարանում եւ Լիմոժի կերամիկայի թանգարանում, նույնպես խորացրեցին այդ մտահոգությունները, գրում է RFI- ն։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *