Թոքենացված բաժնետոմսերը մեծ տարածում են գտնում․ ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

Թոքենացված բաժնետոմսերի համաշխարհային շուկան շարունակում է արագ աճել։ 2026 թվականի սկզբից դրա կապիտալիզացիան ավելացել է 390,4%-ով, իսկ Binance-ի bStocks պրոդուկտի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը գործարկումից ընդամենը չորս ամիս անց գերազանցել է 1 մլրդ դոլարը։

Binance Research-ի տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերին bStocks-ին բաժին էր ընկնում թոքենացված բաժնետոմսերի ամբողջ շուկայի մոտ մեկ քառորդը։

Այս հատվածի աճը կապված է ֆինանսական շուկաների մասնակիցների համար նոր հնարավորությունների ի հայտ գալու հետ։ Ի տարբերություն ավանդական ֆոնդային բորսաների, որտեղ բաժնետոմսերի առևտուրը հիմնականում իրականացվում է սահմանված ժամերին, թոքենացված գործիքները կարող են հասանելի լինել շուրջօրյա՝ ներառյալ հանգստյան օրերը։

Հայաստանի համար այս միտումը հետաքրքրություն է ներկայացնում թվային ֆինանսների զարգացման և կրիպտոակտիվների կարգավորման նոր համակարգի ձևավորման համատեքստում։ 2025 թվականի հուլիսին երկրում ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը, որն ուղղված է շուկայի թափանցիկության բարձրացմանն ու դրա մասնակիցների իրավունքների պաշտպանությանը։

Ի՞նչ են թոքենացված բաժնետոմսերը

Թոքենացումը հնարավորություն է տալիս ստեղծել թվային գործիքներ, որոնց արժեքը կապված է իրական ֆինանսական ակտիվների, օրինակ՝ հայտնի ընկերությունների բաժնետոմսերի կամ բորսայական ներդրումային ֆոնդերի՝ ETF-ների հետ։

Այս գործիքները թողարկվում են բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս հաշվառել թվային ակտիվները և փոխանցել դրանք շուկայի մասնակիցների միջև։

Հիմնական տարբերություններից մեկը առևտրի իրականացման եղանակն է։ Սովորական բաժնետոմսերը, որպես կանոն, գնում և վաճառում են բրոքերների միջոցով՝ ֆոնդային բորսաների աշխատանքային ժամերին։ Թոքենացված գործիքները կարող են շրջանառվել թվային հարթակներում շուրջօրյա։

Օրինակ՝ եթե ամերիկյան խոշոր ընկերությունը հրապարակում է իր ֆինանսական արդյունքները բորսայի փակումից հետո, ներդրողները սովորաբար ստիպված են սպասել հաջորդ առևտրային նստաշրջանին։ Թոքենացված գործիքների շուրջօրյա առևտուր ապահովող հարթակներում գործարքները կարող են շարունակվել նաև այդ ընթացքում։

Միաժամանակ կարևոր է հասկանալ, որ թոքենացված բաժնետոմսը միշտ չէ, որ ենթադրում է արժեթղթի անմիջական սեփականություն։ Սեփականատիրոջ իրավունքները կախված են տվյալ պրոդուկտի պայմաններից և գործող օրենսդրությունից։

Ինչո՞ւ bStocks-ը չորս ամսում հասավ 1 մլրդ դոլարի

bStocks պրոդուկտը գործարկվել է 2026 թվականի հունիսին և սկզբում առաջարկում էր հինգ գործիք։ Հոկտեմբերին դրանց թիվը մոտեցել էր 100-ի։ Դրանց թվում հայտնվել էին տեխնոլոգիական և տնտեսության այլ ոլորտների ընկերությունների բաժնետոմսերի, ինչպես նաև բորսայական ֆոնդերի հետ կապված գործիքներ։

bStocks-ի առանձնահատկություններից մեկը Binance հարթակում թոքենացված գործիքները համապատասխան ֆոնդային գործիքների փոխարկելու հնարավորությունն է՝ 1։1 հարաբերակցությամբ, առանց փոխարկման միջնորդավճարի՝ հաշվի առնելով պրոդուկտի պայմանները։

Binance-ի տվյալներով՝ մինչև 2026 թվականի հոկտեմբեր նման փոխարկումների ընդհանուր ծավալը գերազանցել է 6 մլրդ դոլարը։ Սա ավելի քան վեց անգամ գերազանցում է bStocks-ի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը։

Այս դինամիկան ցույց է տալիս, որ օգտատերերը ոչ միայն ձեռք են բերում նոր գործիքներ, այլև ակտիվորեն օգտվում են ակտիվների ավանդական և թվային ձևաչափերի միջև անցում կատարելու հնարավորություններից։

Հետաքրքրության մեկ այլ գործոն է ցանկացած պահի առևտուր իրականացնելու հնարավորությունը։

Binance Research-ի ուսումնասիրության համաձայն՝ bStocks-ի առևտրային ծավալի միայն 42%-ն է բաժին ընկել ամերիկյան ֆոնդային բորսաների հիմնական աշխատանքային ժամերին։ Գործարքների մնացած 58%-ն իրականացվել է շուկայի բացումից առաջ, փակումից հետո, գիշերային ժամերին և հանգստյան օրերին։

Համեմատության համար՝ ամերիկյան ավանդական ֆոնդային շուկայում շրջանառության 89,2%-ը բաժին է ընկել հիմնական առևտրային նստաշրջանին։

Սա վկայում է, որ բորսայական սովորական ժամանակացույցից դուրս առևտուր իրականացնելու հնարավորությունն իսկապես պահանջարկ ունի։

Այնուամենայնիվ, շուրջօրյա հասանելիությունը չի երաշխավորում առևտրի հավասար պայմաններ։ Ցածր ակտիվության ժամանակահատվածներում ցանկալի գնով գնորդ կամ վաճառող գտնելը կարող է ավելի դժվար լինել։

Թոքենացված բաժնետոմսերը դառնում են ավելին, քան առևտրի գործիք

Շուկայի զարգացման մեկ այլ ուղղություն կապված է թվային ֆինանսական այլ ծառայություններում թոքենացված ակտիվների կիրառման հետ։

Ի տարբերություն սովորական արժեթղթերի՝ առանձին թոքենացված գործիքներ կարող են փոխանցվել համատեղելի թվային դրամապանակների միջև և օգտագործվել, օրինակ, որպես վարկի ապահովման միջոց։

Binance Research-ի տվյալներով՝ բլոկչեյն հավելվածներում bStocks-ի օգտագործման ցուցանիշը հասել է 11,2%-ի՝ ոլորտի միջին մակարդակը գերազանցելով 3,8 տոկոսային կետով։

Միաժամանակ բլոկչեյնում թոքենացված բաժնետոմսերի փոխանցումների ծավալը՝ ներառյալ առևտրային գործարքները, 2026 թվականի առաջին եռամսյակի շուրջ 6 մլրդ դոլարից երրորդ եռամսյակում աճել է մինչև ավելի քան 100 մլրդ դոլար։

Այս ցուցանիշներն արտացոլում են թոքենացված արժեթղթերը սովորական առքուվաճառքից դուրս օգտագործելու նկատմամբ աճող հետաքրքրությունը։

Սակայն լրացուցիչ հնարավորություններն ուղեկցվում են ռիսկերով։ Ակտիվի արժեքը կարող է փոփոխվել, իսկ թվային ֆինանսական ծառայություններից օգտվելը կախված է տեխնոլոգիաների հուսալիությունից և տվյալ հարթակի պայմաններից։

Ինչպե՞ս է այս միտումը կապված Հայաստանի հետ

Թոքենացված բաժնետոմսերի նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունն աճում է ավանդական ֆինանսական գործիքների և բլոկչեյն տեխնոլոգիաների աստիճանական մերձեցման պայմաններում։

Հայաստանում այս գործընթացը համընկնում է թվային ակտիվների համար նոր իրավական դաշտի ձևավորման հետ։

2025 թվականի հուլիսի 4-ին երկրում ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը։ Փաստաթուղթը սահմանում է կրիպտոշուկայի մասնակիցների գործունեության կանոնները, ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջները և օգտատերերի պաշտպանության մեխանիզմները։ Այս ոլորտի վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի կենտրոնական բանկը։

2026 թվականի հունվարին կարգավորող մարմինը հրապարակել է նորմատիվ իրավական ակտերի առաջին փաթեթը, որը սահմանում է կրիպտոընկերությունների լիցենզավորման կարգը, կապիտալի նվազագույն պահանջները և տեղեկատվության բացահայտման կանոնները։

Հայաստանի կենտրոնական բանկի՝ 2026 թվականի հունվարի 23-ի հաղորդագրության համաձայն՝ նոր պահանջները նախատեսում են կրիպտոակտիվների ոլորտում ծառայություններ մատուցողների պարտադիր գրանցում և լիցենզավորում։

Օրենքի ուժի մեջ մտնելու պահին շուկայում գործող ընկերությունների համար նախատեսված է անցումային շրջան՝ մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Այդ ժամկետից հետո առանց համապատասխան լիցենզիայի գործունեությունը շարունակելը կարգելվի։

Այս փոփոխությունները թվային ֆինանսական ծառայությունների զարգացման համար ստեղծում են ավելի հստակ պայմաններ։ Սակայն կրիպտոակտիվների և թոքենացված արժեթղթերի կարգավորումն ունի իր առանձնահատկությունները։

Մասնավորապես՝ Հայաստանի «Կրիպտոակտիվների մասին» օրենքը չի տարածվում այն գործիքների վրա, որոնք իրենց իրավական բնույթով արժեթղթեր կամ ներդրումային ֆոնդերի փայեր են։ Դրանց նկատմամբ կիրառվում են ֆինանսական օրենսդրության համապատասխան նորմերը։

Հետևաբար, կարգավորվող կրիպտոակտիվների շուկայի ձևավորումը չի նշանակում Հայաստանում թոքենացված բաժնետոմսերի շրջանառության ինքնաբերաբար թույլատրում։

Այդուհանդերձ, միջազգային փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող են բլոկչեյն տեխնոլոգիաները կիրառվել ոչ միայն կրիպտոարժույթներով գործարքների, այլև ավանդական ֆինանսական գործիքների նոր ձևաչափերի ստեղծման համար։

Ի՞նչ է սպասվում հետագայում

Չնայած արագ աճին՝ թոքենացված բաժնետոմսերը դեռևս փոքր մասնաբաժին են կազմում համաշխարհային ֆոնդային շուկայում։

Binance Research-ի գնահատականներով՝ 2026 թվականի հոկտեմբերին այս հատվածին բաժին էր ընկնում բաժնետոմսերի համաշխարհային շուկայի մոտ 0,0025%-ը։ Սակայն մինչև 2030 թվականը դրա ծավալը կարող է հասնել 349 մլրդ դոլարի։

Միաժամանակ շուկայի զարգացումը կախված կլինի ոչ միայն տեխնոլոգիաներից։ Կարևոր դեր ունեն կարգավորումը, ֆինանսական ենթակառուցվածքների հուսալիությունը, ներդրողների պաշտպանությունը և նոր գործիքների նկատմամբ պահանջարկը։

Այն, որ bStocks-ը չորս ամսում հասել է 1 մլրդ դոլարի շեմին, ցույց է տալիս՝ թոքենացված բաժնետոմսերն աստիճանաբար դուրս են գալիս փորձարարական ֆինանսական պրոդուկտների շրջանակից։ Օգտատերերն արդեն ակտիվորեն կիրառում են դրանք բորսայական ստանդարտ ժամերից դուրս առևտրի և թվային այլ ծառայությունների համար։

Հայաստանի համար այս միջազգային փորձը հետաքրքրություն է ներկայացնում թվային ակտիվների կարգավորվող շուկայի կայացման համատեքստում։ Հեռանկարում նման տեխնոլոգիաները կարող են ընդլայնել ավանդական ֆինանսական կազմակերպությունների և թվային հարթակների փոխգործակցության հնարավորությունները։ Սակայն դրանց գործնական կիրառումը կախված կլինի տեղական օրենսդրությունից, ենթակառուցվածքների զարգացումից և շուկայի մասնակիցների կարիքներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *