Իրանի գիտության նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը հայտարարել է, որ երկրի դպրոցները պատրաստ են ընդունել Ադրբեջանի Հանրապետության աշակերտուհիներին, որոնք ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով ճնշումների են ենթարկվում, հաղորդում է wanaen.com–ը։
Ադրբեջանի դպրոցներում աղջիկների համար հիջաբ կրելու սահմանափակումների և արգելքների մասին հաղորդումներին արձագանքելով՝ Սիմայի Սարաֆը սոցիալական ցանցերում գրել է, որ Իրանի ուսումնական հաստատությունները բաց են ադրբեջանցի աղջիկների առջև։
«Մենք՝ իրանցիներս, կարող ենք լավ ընդունող կողմ լինել այն աղջիկների համար, որոնք հավատարիմ են իսլամի մարգարեի ուղերձին և կրթության իրենց իրավունքն իրացնելու պատճառով ստիպված են հրաժարվել հիջաբից»,ճ ասել է իրանցի նախարարը։
Նրա խոսքով՝ Իրանը կարող է բարենպաստ ակադեմիական միջավայր ապահովել Ադրբեջանի մահմեդական աղջիկների համար, որոնք, նրա խոսքով, ստիպված են հրաժարվել հիջաբից՝ կրթություն ստանալու իրենց իրավունքն իրացնելու համար։