ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի բացակայության պատճառով կարող է 200% մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ։ Այս մասին նա ասել է Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Մայերս քաղաքում հանրապետականների նախընտրական հանրահավաքի ժամանակ։
«Մաքսատուրքերը մեզ օգնեցին ավարտել ութ պատերազմ։ Գուցե մենք պետք է անմիջապես կիրառենք այդ մոտեցումը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ։ Նախկինում ես այդ մասին չէի մտածել, բայց դա, միևնույն է, չի աշխատի, քանի որ մենք նրանցից շատ քիչ ապրանքներ ենք գնում», — հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը պնդում է, որ Սպիտակ տուն վերադառնալուց հետո իրեն հաջողվել է ավարտել «ութ պատերազմ»։
Սպիտակ տունն այդ հակամարտությունների շարքին է դասում Հայաստանի և Ադրբեջանի, Թաիլանդի և Կամբոջայի, Իսրայելի և Իրանի, Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հնդկաստանի և Պակիստանի, Սերբիայի և Կոսովոյի, ինչպես նաև Եգիպտոսի և Եթովպիայի միջև հակամարտությունները։ Դրանցից ոչ բոլորն են ռազմական բնույթ կրել։
Ավելի վաղ՝ այս շաբաթ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումն այժմ, հնարավոր է, ավելի մոտ է, քան երբևէ։
«Օրերս ես զրուցել եմ, այդ մասին արդեն ավելի վաղ նշել էի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի կարգավորման շուրջ։ Ի դեպ, կարծում եմ, որ մենք մոտենում ենք այդ նպատակին․ հնարավոր է՝ այժմ լուծմանը ավելի մոտ ենք, քան երբևէ», — ասել է Թրամփը։