Արևմուտքը չի քննադատել Մոլդովային և Ուկրաինային կուսակցությունների արգելման համար․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ արևմտյան երկրների ներկայացուցիչները չեն քննադատել Ուկրաինային՝ 18 կուսակցությունների արգելման համար, սակայն Վրաստանի դեպքում պնդում են, թե նման միջոցները բացասաբար կանդրադառնան ժողովրդավարության վրա։

«Մենք տեսել ենք Ուկրաինայի օրինակը։ Օրինակ՝ Ուկրաինայում արգելել են 18 կուսակցությունների գործունեությունը։ Մոլդովայում ևս մեկից ավելի կուսակցություններ են արգելվել, և այնտեղ ոչ ոք չի ասել, թե քաղաքական կուսակցությունների արգելքը որևէ կերպ բացասաբար է անդրադառնում ժողովրդավարությանը։ Նրանք չէին էլ ասի այդպիսի բան, քանի որ դա անհեթեթություն է։ Սակայն այն անհեթեթությունը, որը չեն ասել Ուկրաինայի կամ Մոլդովայի վերաբերյալ, ասել են Վրաստանի դեպքում, ինչը ցույց է տալիս, որ այս ամենի հիմքում շատ կոպիտ քաղաքական շարժառիթ կա», – լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ, իր կարծիքով, եվրոպական երկրները նմանատիպ մոտեցում են ցուցաբերել նաև ընտրությունների հարցում։ Կոբախիձեի խոսքով՝ որոշ երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում, ընտրություններն անցկացվել են կոպիտ խախտումներով, սակայն եվրոպացի ներկայացուցիչները դրա վերաբերյալ բացասական մեկնաբանություններ չեն արել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *