Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահ, դեսպան Խոնդկեր Մոհամմադ Թալհայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Երևանում ընթացող COP17-ի շրջանակում իրականացվող համատեղ նախաձեռնությունները։
ԱԳՄԱ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի առաջնահերթությունները և ակտիվ ներգրավվածությունը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի կարևորությունը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում այդ ուղղությամբ աշխատանքների իրականացման պատրաստակամությունը։
Կողմերն անդրադարձել են նաև կրթության և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հնարավորություններին, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում նախորդ տարի ընդունված, Հայաստանի հեղինակած «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևի դրույթների առաջմղման կարևորությունը: