
Ապրիլքսանչորսյան ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում, փոխանցում է «Ազատություն»-ը։
Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում Էրդողանը գրել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ, ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել:
Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:
«Բախումի փոխարեն նախընտրում ենք համաձայնությունը»,- գրել է Թուրքիայի նախագահը, սակայն չի անդրադարձել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
«Խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում ենք բոլոր հայրենակիցների և բարեկամների հետ միասնաբար գործել և պայքարել՝ նկատի չունենալով նրանց ազգային և կրոնական պատկանելությունները»,- նշել է նա: