Ամուլսարի հարցը՝ COP17-ի օրակարգում. կայացավ «Ոսկուց ավելի թանկ. Ամուլսարի գինը» ֆիլմի ցուցադրությունը

Ամուլսարի հարցը՝ COP17-ի օրակարգում. կայացավ «Ոսկուց ավելի թանկ. Ամուլսարի գինը» ֆիլմի ցուցադրությունը

Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կապույտ գոտում՝ Միջազգային ՀԿ-ների տաղավարում (International NGO Hub), տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի պատրաստած «Ոսկուց ավելի թանկ. Ամուլսարի գինը» ֆիլմի առաջին ցուցադրությունը։ «Ամուլսարի ոսկու հանքավայրի հարցը COP17-ի կենսաբազմազանության հանձնառությունների համատեքստում» խորագրով միջոցառումը համախմբել էր ոլորտի փորձագետներին, բնապահպաններին և խնդրով մտահոգ այլ անձանց։

Ֆիլմի դիտումից հետո ելույթներով հանդես եկան «Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչ, բնապահպան Լևոն Գալստյանը, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ծրագրերի համակարգող Մկրտիչ Դալլաքյանը, «Հայ կանայք՝ հանուն առողջության և առողջ միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը և «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն իր խոսքում անդրադարձավ ճնշման տակ գտնվող էկոլոգիական ժողովրդավարությանը, հանքարդյունաբերության թողած ազդեցությանը կենսաբազմազանության վրա և առկա սոցիալ-էկոլոգիական կոնֆլիկտներին։

Միջոցառումն ամփոփվեց տեղացի ու արտասահմանցի հյուրերի և բանախոսների միջև ծավալված ակտիվ քննարկմամբ: 

Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը COP17-ի (ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի) համատեքստ բերելը և «Ոսկուց ավելի թանկ. Ամուլսարի գինը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը կարևոր հանգրվան են բնապահպանական օրակարգը տեղական մակարդակից միջազգային հարթակ տեղափոխելու համար։

Հոկտեմբեր 27, 2026 at 01:59

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *