ԱՄՆ-ն և Ֆրանսիան ձգտում են ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը Սև ծովում, սակայն Անկարան մտադիր չէ հրաժարվել Մոնտրյոյի կոնվենցիայով սահմանված սահմանափակումներից. գրում է թուրքական կառավարամետ «Ենի Շաֆաք» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Թուրքիայի կաբինետի աղբյուրը հոկտեմբերի 19-ին РИА Новости-ին հայտնել է, որ Թուրքիան մտադիր է կանխել ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով՝ Սև ծովում իրավիճակի սրման ֆոնին, քանի որ ներկայիս ռեժիմի պահպանումը համարում է տարածաշրջանային անվտանգության համար կարևոր պայման։
«Ենի Շաֆաք»-ի փոխանցմամբ՝ այս ամիս Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են 4 նավի վրա, որոնցից երկուսը խորտակվել են։ Սոֆիան ՆԱՏՕ-ի օգնությունն է խնդրել հարձակումներին ի պատասխան, այդ թվում՝ հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր և օդային պարեկություններ։
«Անկարան աջակցում է Բուլղարիայի և Ռումինիայի անվտանգությունն ամրապնդելու միջոցառումներին, բայց դեմ է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների լրացուցիչ ռազմածովային ուժերի ներկայությանը», – նշում է թերթը։ Շեշտվում է, որ Թուրքիան հավատարիմ է այն սկզբունքին, որ Սև ծովում անվտանգությունը պետք է հիմնականում ապահովեն ափամերձ երկրները։
«ԱՄՆ-ն և Ֆրանսիան վաղուց են ձգտում ընդլայնել իրենց ներկայությունը տարածաշրջանում, սակայն Անկարան դեմ է նման ծրագրերին և հենվում է Մոնտրյոյի կոնվենցիայի վրա, որը կարգավորում է ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով», – ընդգծում է թերթը։
Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո Թուրքիան կիրառել է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները և փակել նեղուցները ռազմանավերի անցման համար։ Երկրի պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ կոնվենցիայի իրականացումը ճիշտ որոշում էր, որը նպաստում էր տարածաշրջանում կայունության պահպանմանը։