Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագծին։
Այս մասին խորհրդարանում հայտարարել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Գրիգորյանը ներկայացրել է համաձայնագրի վերաբերյալ խմբակցության մտահոգությունները՝ անդրադառնալով Հայաստանի համար ակնկալվող տնտեսական օգուտներին, հաղորդակցությունների բացմանը և փոխադարձության սկզբունքի կիրառմանը։
Նրա գնահատմամբ՝ թեև համաձայնագիրը երկկողմ է, դրա բովանդակությունում արտացոլված են նաև Ադրբեջանի շահերը։
«Թղթի վրա երկկողմ պայմանագիր է համարվում, այսինքն՝ պայմանագրի երկու կողմերն են Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները։ Բայց իր էության մեջ, բովանդակության մեջ առկա է երրորդ կողմը, մասնավորապես՝ Ադրբեջանը։ Ավելին՝ Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված այս փաստաթղթում, քան կարող է լինել Հայաստանի Հանրապետության շահը»,- հայտարարել է Գրիգորյանը։