Շիրակի մարզպետն «Իվանների» մասին հայտարարությամբ առաջին հերթին վիրավորել է հայ ժողովրդին․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն «Իվանների» մասին հայտարարությամբ առաջին հերթին վիրավորել է հայ ժողովրդին։

«Մենք անընդունելի ենք համարում նեոնացիստական նման վերարտադրությունները՝ հիտլերականների՝ սլավոն բնակչության նկատմամբ հայտնի նվաստացուցիչ հռետորաբանության կրկնությունը։ Դա անթույլատրելի է ոչ միայն ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին հայտարարող երկրի իշխանության ներկայացուցիչների, այլև առհասարակ ցանկացած կրթված մարդու կողմից, որն առնվազն որոշակի պատկերացում ունի համաշխարհային պատմության, սեփական երկրի և ժողովրդի պատմության մասին», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ գերմանացի ֆաշիստ զավթիչները խորհրդային զինվորներին նվաստացուցիչ կերպով անվանում էին «Իվաններ» կամ «կարմիր Իվաններ»։

Զախարովան նշել է, որ ֆաշիստները տարբերակում չէին դնում զինվորների էթնիկ պատկանելության կամ ազգության միջև։ Տարբեր գնահատականներով՝ այդ խորհրդային զինվորների թվում եղել է շուրջ կես միլիոն էթնիկ հայ, որոնք զորակոչվել էին Հայկական ԽՍՀ-ից և խորհրդային այլ հանրապետություններից։

«Այս գործիչը, որն իրեն թույլ է տվել նման հայտարարություն անել՝ գուցե անգրագիտության, գուցե դիտավորության պատճառով, վիրավորել է ոչ թե մեզ, այլ առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին։ Չէ՞ որ հենց այդ զինվորներին, որոնց գերմանացիներն անվանում էին «Իվաններ», ղեկավարել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանը, որն ինքն էր իր համար ընտրել Իվան Քրիստափորի անունը», — ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում գտել են Բաղրամյանի ինքնակենսագրական գրառումները, որոնք նա ստորագրել է «Իվան Բաղրամյան, 1979 թ.» ձևով։

Զախարովան նաև հիշատակել է նավատորմի ծովակալ Իվան Իսակովին, որի ծննդյան անունը Հովհաննես էր, սև մետալուրգիայի նախարար Իվան Թևոսյանին և նկարիչ Իվան Այվազովսկուն։

Նրա խոսքով՝ նման «բացահայտ կոպիտ, նեոնացիստական կարգախոսները» չպետք է տեղ ունենան որևէ իրեն հարգող հասարակությունում, այդ թվում՝ հայ հասարակությունում։

«Մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների համապատասխան և միանշանակ արձագանքը», – եզրափակել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *