Որքա՞ն կկազմի տեղահանվածների սոցիալական աջակցությունը. նոր որոշում

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց և կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը։ Առաջարկվում է մի դեպքում աջակցությունը տրամադրել մինչև 2027 թվականի հուլիսը՝ 2027 թվականի ապրիլից ամսական 30 հազար դրամի փոխարեն սահմանելով 15 հազար դրամ, իսկ մյուս դեպքում՝ շարունակել լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը։ 

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը, իսկ 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշմամբ՝ տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրման կարգը։ Գործող կարգավորումներով՝ երկու ծրագրերի շրջանակներում աջակցություն ստանալու դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ն է։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ շահառուների մի մասը դեռևս սոցիալական աջակցության կարիք ունի և շարունակում է սոցիալ-տնտեսական պատճառներով գտնվել կյանքի դժվարին իրավիճակում, հետևաբար առաջարկվում է երկարաձգել երկու ծրագրերի ժամկետները՝ ապահովելով աջակցության շարունակականությունը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել երկու որոշումներում։ Առանձին խմբերի անձանց աջակցության մասով առաջարկվում է երկարաձգել աջակցության տրամադրումը մինչև 2027 թվականի հուլիսը, որտեղ ամսական 30 հազար դրամի չափով աջակցությունը կշարունակվի, իսկ 2027 թվականի ապրիլից այն նախատեսվում է նվազեցնել՝ սահմանելով ամսական 15 հազար դրամ։ Կարիքավոր ընտանիքների աջակցության մասով առաջարկվում է շարունակել լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը՝ սոցիալական և նյութական դժվարություններ ունեցող ընտանիքներին աջակցելու նպատակով։ Միաժամանակ առաջարկվում է դիմումների ներկայացման վերջնաժամկետները 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանել առաջին ծրագրի համար 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ երկրորդի համար՝ 2027 թվականի դեկտեմբերի 15-ը։

Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարության N 1833-Լ որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել 45 հազար 800 անձ, իսկ ամսական ֆինանսավորման չափը կազմել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Նույն թվով շահառուների պահպանման դեպքում 2027 թվականի առաջին եռամսյակում ծրագրի համար կպահանջվի 4.2 մլրդ դրամ, երկրորդ եռամսյակում, երբ աջակցությունը նախատեսվում է նվազեցնել մինչև ամսական 15 հազար դրամ, ծախսը կկազմի շուրջ 2.06 մլրդ դրամ, և այսպիսով 2027 թվականի առաջին կիսամյակի համար անհրաժեշտ գումարը կգնահատվի 6.26 մլրդ դրամ։ ՀՀ կառավարության N 417-Լ որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում աջակցություն ստացող ընտանիքների միջին ամսական թիվը 8500 է, իսկ ամսական ֆինանսավորումը՝ շուրջ 498 մլն դրամ։ Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականի երկրորդ կիսամյակում շահառու ընտանիքների թիվը կարող է հասնել շուրջ 9500-ի, իսկ ամսական ֆինանսավորումը՝ շուրջ 557 մլն դրամի, որի տարեկան կանխատեսվող ծախսը կգնահատվի 6.3 մլրդ դրամ։ Արդյունքում՝ երկու սոցիալական աջակցության ծրագրերի համար 2027 թվականին նախատեսվող ընդհանուր ֆինանսավորումը կկազմի շուրջ 12.6 մլրդ դրամ, որը նախատեսվել է 2027 թվականի պետական բյուջեով։

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի շարունակականությունը և մեղմել նրանց սոցիալական խնդիրները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *