Ամսական 300 հազար դրամ՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին

Կառավարությունն առաջարկում է մինչև 2026 թվականի դեկտեմբեր ներառյալ երկարաձգել 2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամենամսյա սոցիալական աջակցության ժամկետը: Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի նիստում:

ՀՀ կառավարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատված միջոցառմամբ նախատեսվել էր անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 300 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրել մինչև 2026 թվականի սեպտեմբերը ներառյալ: Գործող կարգավորմամբ՝ աջակցության տրամադրումը դադարեցվում էր 2026 թվականի հոկտեմբերի 1-ից, եթե զինծառայողի ընտանիքին վճարումները նախատեսված էին մինչև սեպտեմբեր ներառյալ, և զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատական ակտ դեռևս չկար: Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ անհրաժեշտ է շարունակել աջակցությունը՝ հաշվի առնելով առկա իրողությունները և ապահովելով ընտանիքների սոցիալական աջակցության անընդհատությունը:

Նախագծով առաջարկվում է աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով՝ 2026 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար: Նախագծի համաձայն՝ ամսական աջակցությունը կազմում է 300,000 դրամ, շահառուները 20 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներն են, իսկ երեք ամսվա համար անհրաժեշտ ընդհանուր գումարը՝ 18 միլիոն դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է հատկացնել 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխման հաշվին:

Նախագծով առաջարկվում է փոխել աջակցության տրամադրման դադարեցման ժամկետը: Եթե գործող կարգավորմամբ վճարումները նախատեսված էին մինչև 2026 թվականի սեպտեմբեր ներառյալ, և դրանց դադարեցումը՝ հոկտեմբերի 1-ից, ապա նոր կարգավորմամբ վճարումները նախատեսվում են մինչև 2026 թվականի դեկտեմբեր ներառյալ՝ դադարեցմամբ 2027 թվականի հունվարից:

Նախագծով ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *