Թուրքիան, եթե քաղաքակիրթ է, պետք է ճանաչի Ցեղասպանությունը․ Գասպարյան

Առանց նախապայմանների այսօր հնարավոր չէ, որովհետև Թուրքիան է նախապայմաններ առաջ քաշում, Թուրքիան միշտ նախապայմաններ է ունեցել և այսօր էլ նախապայմանն է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում. АBC Media-ի հետ զրույցում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի ծրագրերի ղեկավար, քաղաքագետ Արսեն Գասպարյանը։

«Ես կարծում եմ, որ հայ-թուրքական երկխոսության օրակարգում Ցեղասպանության հարցը պետք է առաջինը լինի, նույնիսկ 90-ական թվականներին, երբ ես աշխատում էի արտգործնախարարության Թուրքիայի բաժնում, և բավականին արդյունավետ երկխոսություն կար թուրք դիվանագետների հետ, մենք միշտ իրենց հետ քննարկել ենք Ցեղասպանության հարցը»,-ասել է Գասպարյանը՝ հավելելով, որ  դրանք միշտ արդյունավետ քննարկումներ են եղել։

«Պետք է տարբերակենք Հայաստան-Թուրքիա և հայ-թուրքական հարաբերությունները։ Մենք նաև ունենք հայկական Սփյուռք։ Նաև Թուրքիայում՝ Ստամբուլում ունենք պատրիարքարան, և բազմաթիվ մեր հայրենակիցներ են ապրում Թուրքիայում։ Այստեղ պետք է հաշվի առնենք մի գործոն․ Ցեղասպանությունը ընդհանրապես գլոբալ խնդիր է, և մեր ժողովրդի համար դա ունի հատուկ նշանակություն, և այդ գլոբալ պատասխանատվության մեջ մենք մեր դերը ունենք խաղալու։ Համաշխարհային հանրությունը պատրաստ չէ ցեղասպանություն կանխարգելելու։ Չի կանխարգելել ո՛չ մեր ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրությունում, ո՛չ Հոլոքոստը, ո՛չ 1994 թվականին՝ Ռուանդայում, ինչպես նաև վերջերս Գազայից ցեղասպանությունը, բայց խնդիրը հենց այդ է, որ ցեղասպանությունը պետք է կանխարգելվի։ Մարդկանց զոհվելուց ու նահատակվելուց հետո դատապարտելը մեծ հետևանքներ է առաջացնում, բայց ուրիշ պետությունները կարող են Ցեղասպանությունը ճանաչել և դա լավ է ցեղասպանության կանխարգելման համար, բայց հայ-թուրքական հարաբերություններում խնդիր է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը և մի օր Թուրքիայի ղեկավարությունը գա այստեղ և ճանաչի, որպեսզի ցույց տա, որ ինքը քաղաքակիրթ պետություն է, եթե քաղաքակիրթ է»,-ասել է Գասպարյանը։

Նա իրատեսական է համարում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը։

«Կարծում եմ, որ Հայաստանի հետևողական քաղաքականության շնորհիվ, հայ-թուրքական երկխոսության մեջ այս հարցը ճիշտ ձևակերպելու, թուրք գործընկերների հետ խոսելու շնորհիվ կստացվի։ Բայց նորից եմ ասում, դա կախված է հայկական կողմի հետևողականությունից և պատասխանատվությունից»,-ասել է Գասպարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *