200 հազար դրամ աշխատավարձ ստացողները կընդգրկվեն առողջական ապահովագրության համակարգում

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները 2027 թվականի հունվարի 1-ից նույնպես կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ ամսական 10 հազար 800 դրամ ապահովագրավճարից 4 հազար 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, նույնքան կվճարի գործատուն, իսկ աշխատողի վճարը կկազմի 2 հազար դրամ։

200 հազարից ավելի, մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում պետության սուբսիդավորումը կկազմի 6 հազար դրամ, իսկ մնացած 4 հազար 400 դրամը կվճարի քաղաքացին։

Ավանեսյանի խոսքով՝ 2027 թվականի հունվարի 1-ից աշխատողները կամավոր հիմունքներով հնարավորություն կունենան ապահովագրության համակարգում ներառել նաև իրենց ընտանիքի անդամներին։ 200 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան ապահովագրել ընտանիքի մեկ անդամի՝ վճարելով նրա ապահովագրավճարը, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ երկու անդամի։

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մեկնարկել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են մինչև 18 տարեկան երեխաները, 65 և ավելի բարձր տարիքի քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող և սոցիալական անապահովության համապատասխան միավոր ունեցող անձինք, ինչպես նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *