Նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտ


Սպորտ


Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին բուժման կուրս անցնելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից ու վերադարձել տուն։ Այս մասին Գերմանիայի գավաթի խաղարկության՝ «Մագդեբուրգի» դեմ խաղից առաջ ARD հեռուստաընկերության եթերում հայտնել է մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Մաքս Էբերլը։


«Բժիշկները հստակ պարզել են, թե ինչումն է խնդիրը։ Այս պահին Վենսանն արդեն տանն է և շարունակելու է վերականգնման գործընթացը։ Ես ավելի քան վստահ եմ, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտ՝ պատրաստ լինելով100 տոկոսով», – նշել է Էբերլը։

Մյունխենյան գրանդի ղեկավարը նաև հատուկ ընդգծել է, որ Կոմպանիի առողջական խնդիրը որևէ կապ չունի մարզչական աշխատանքի ծանրաբեռնվածության կամ սթրեսի հետ. «Սա հիվանդություն է, և պետք է շատ հստակ տարանջատել այս ամենը։ Կատարվածը ոչ մի կապ չունի այն ճնշման հետ, որը մենք ունենք Բունդեսլիգայում»։

Չնայած հիվանդանոցից դուրս գրվելուն՝ Կոմպանիի անմիջական վերադարձը մարզչական աշխատանքի դեռևս չի քննարկվում, և նրա վերադարձի հստակ ժամկետները մնում են բաց։ Ակումբում շեշտել են, որ բելգիացու առողջությունն առաջնահերթություն է, և նրան կտրամադրվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է լիարժեք ապաքինման համար։ Մինչ այդ թիմի մարզումներն ու խաղերը կշարունակի ղեկավարել նրա մարզչական շտաբը։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Բավարիան» վաստակած 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին՝ ուրբաթ օրը, 40-ամյա բելգիացի մասնագետն ակումբի մարզաբազայում հետևելիս է եղել «Բավարիայի» երկրորդ թիմի մարզմանը, երբ հանկարծակի կորցրել է գիտակցությունն ու շտապ հոսպիտալացվել։ Մինչ այդ միջադեպը Կոմպանին պայքարում էր վիրուսային վարակի դեմ։

armsport.am





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *