Իսպանիայում ռեստորանատերը երկաթուղային վթարից հետո կերակրել է 400 մարդու

Իսպանիայում «Լենինի անկյունը» ռեստորանի սեփականատեր Խոսե Լուիսը երկաթուղային վթարից հետո կերակրել է 400 մարդու՝ տուժածների օգնության կետի մոտ կազմակերպելով տաք սննդի բաժանում։ Այս մասին հայտնել է HuffPost պորտալը։

«Մենք օգնում ենք նրանով, ինչ ունենք։ Յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել՝ ինչպես կարողացել է․ մեկը սուրճ է բերում, մյուսը՝ սենդվիչներ, մեկ ուրիշը՝ արգանակ։ Բոլորը փորձում են օգնել», — պատմել է Խոսե Լուիսը։

Պարբերականի տեղեկություններով՝ գործարարը ժամանակավորապես փակել է իր ռեստորանը և խոհանոցային սարքավորումները տեղափոխել Ուրդա քաղաքի համայնքային մարզահամալիրի մոտ, որտեղ տուժածներին բժշկական օգնություն էր ցուցաբերվում։ Այնտեղ նա իր օգնականների հետ տաք արգանակ էր պատրաստում և բաժանում վիրավորներին, նրանց հարազատներին, փրկարարներին ու մոտակայքում գտնվող մյուս մարդկանց։ Շատերի համար դա օրվա առաջին սնունդն էր։

Խոսե Լուիսը նշել է, որ ողբերգությունը խորապես ցնցել է քաղաքի բնակիչներին։ Նրա խոսքով՝ օգնության գործին միացել են բազմաթիվ կամավորներ, որոնք սննդամթերք, խմիչքներ և անհրաժեշտ իրեր էին բերում։

Տուժածներին աջակցել ցանկացողներն այնքան շատ էին, որ իրավապահները ստիպված էին սահմանափակել կամավորների մուտքն անմիջապես վթարի վայր՝ արտակարգ ծառայությունների աշխատանքին չխանգարելու համար։

Կամավորների թվում էին տեղի բնակիչներ Անխելն ու Խուանը, որոնք պատահարի մասին իմացել էին սոցիալական ցանցերից և քաղաքային զրուցարաններից։ Ջուր և սննդամթերք հասցնելու անհրաժեշտության մասին առաջին հաղորդագրություններից հետո նրանք ուղևորվել էին օգնության կետ։ Երիտասարդները նաև անհրաժեշտ դեղամիջոցներ էին փնտրում և աջակցում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական օգնության կարիք ունեցողներին։

Անխելը պատմել է, որ կարողացել է մոտենալ պատահարի վայրին և տեսել է վթարի հետևանքները, որոնք, նրա խոսքով, իր հիշողության մեջ կմնան ամբողջ կյանքում։ Միևնույն ժամանակ նրա համար ամենահուզիչ պահերից մեկը մարզահամալիրում չորսամյա աղջկա՝ հոր հետ վերամիավորվելն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *