Վրաստանի և Հայաստանի սահմանին գտնվող «Սադախլո» մաքսային անցակետում կանխվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկու ապօրինի ներմուծումը երկիր։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ օտարերկրյա պետության քաղաքացին փորձել է մաքսային հսկողությամբ անցկացնել տարբեր չափերի ոսկու ձուլակտորներ՝ ընդհանուր 1707 գրամ քաշով։ Նա դրանք թաքցրել է գուլպաների և կոշիկների մեջ։
Փորձաքննության եզրակացության համաձայն՝ առգրավված թանկարժեք մետաղի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 576 585 լարի (մոտ 225 հազար դոլար)։
Newsgeorgia–ի հաղորդմամբ՝ գործի նյութերն ուղարկվել են իրավասու մարմին՝ քննություն իրականացնելու և հետագա իրավական ընթացք ապահովելու համար։