Տեղեկատվական ծառայություններ մատուցող Bloomberg-ը և բարձր հաճախականությամբ առևտրով զբաղվող երկու ընկերություններ՝ Susquehanna International Group-ը և Jump Trading-ը, բաժանորդագրվել են Truth Social սոցիալական ցանցի վճարովի ծառայությանը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումներին արագացված հասանելիություն է ապահովում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Բաժանորդագրության արժեքը ամսական 60 հազարից մինչև 100 հազար դոլար է։ Truth API ծառայությունը, որը Trump Media & Technology Group ընկերությունը գործարկել է հուլիսին, թույլ է տալիս հրապարակումներն ավելի արագ ստանալ, քան հարթակի սովորական մշտադիտարկման դեպքում։
Ընկերության ներկայացուցիչների տվյալներով՝ արագության առավելությունը կարող է հասնել 50 միլիվայրկյանի։
Արագացված հասանելիությունը հատկապես արժեքավոր է բարձր հաճախականությամբ առևտուր իրականացնող թրեյդերների համար, որոնք ալգորիթմներ են օգտագործում նորությունների ավտոմատ վերլուծության և գործարքների կատարման համար։ Սոցիալական ցանցերում Թրամփի հայտարարությունները կարող են զգալիորեն ազդել ֆինանսական շուկաների վրա, ուստի տեղեկության ստացման նույնիսկ չնչին ուշացումը կարող է նշանակություն ունենալ առևտրային ռազմավարությունների համար։ Օրինակ՝ նավթի ֆյուչերսները կտրուկ էժանացան, երբ նախագահը ապրիլին Truth Social-ում հայտարարեց Իրանի հետ պատերազմում հրադադարի մասին։
Bloomberg-ը, Jump Trading-ը և Susquehanna-ն հրաժարվել են մեկնաբանել բաժանորդագրությունների մասին տեղեկությունը։ Trump Media ընկերությունը հայտարարել է, որ իր արտադրանքը մեծ պահանջարկ ունի, սակայն Reuters-ի հրապարակումն անվանել է անանուն աղբյուրների տարածած՝ մոլորեցնող տեղեկությունների վրա հիմնված։ Օգոստոսին ընկերությունը ներդրողներին հայտնել էր հաճախորդների հետ ավելի քան 10 համաձայնագրի մասին, սակայն Reuters-ին չի հաջողվել անկախ աղբյուրներով հաստատել այդ թիվը։
Ծառայությունը հարցեր է առաջացրել գործող նախագահի հայտարարություններին արագացված հասանելիության վաճառքի էթիկական կողմի վերաբերյալ։ Հուլիսին դեմոկրատ սենատորներ Էլիզաբեթ Ուորենը և Ադամ Շիֆը դիմել են ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC)՝ խնդրելով ստուգել՝ արդյոք այս գործելակերպը չի խախտում արժեթղթերի մասին օրենսդրությունը։ SEC-ը հրաժարվել է մեկնաբանություններից։
Օգոստոսին Intercept Media-ն և Freedom of the Press Foundation-ը հայց են ներկայացրել՝ պահանջելով արգելել պաշտոնական կառավարական հայտարարությունների հրապարակումը բացառապես Truth Social-ում, երբ գոյություն ունի տվյալների արագացված տրամադրման վճարովի ալիք։ Հայցվորները պնդում են, որ նման համակարգը սահմանափակում է պետական տեղեկատվության հավասար հասանելիությունը և կարող է հակասել ԱՄՆ Սահմանադրությանը։ Դատական քննությունը շարունակվում է։
Թրամփի ընտանեկան տրաստին է պատկանում Trump Media-ի բաժնետոմսերի 41%-ը, իսկ նախագահն անձամբ տրաստի միակ շահառուն է։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփն ու նրա ընտանիքն անմիջականորեն չեն մասնակցում ներդրումային որոշումների ընդունմանը, սակայն չի պատասխանել նախագահի պաշտոնն անձնական շահ ստանալու համար օգտագործելու մեղադրանքներին։
Trump Media & Technology Group-ին է պատկանում Truth Social սոցիալական ցանցը, որը Թրամփը հիմնադրել է 2022 թվականին։ Ընկերությունը Truth API-ն ներկայացրել է որպես եկամտի նոր աղբյուր՝ նախատեսված առաջին հերթին այն ֆինանսական կազմակերպությունների համար, որոնց անհրաժեշտ է ազդեցիկ օգտահաշիվների հրապարակումներին հնարավորինս արագ հասանելիություն։ Reuters-ի տվյալներով՝ Trump Media-ի շուկայական արժեքը 2024 թվականի մարտին բորսա դուրս գալու պահին գրանցված մոտ 8 միլիարդ դոլարից նվազել է, հասնելով շուրջ 1,8 միլիարդ դոլարի։