Բնության հատուկ պահպանվող, այդ թվում՝ կանաչ տարածքները, չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականություն. Գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հոկտեմբերի 29-ին մասնակցել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը՝ նվիրված բնապահպանական սկզբունքների իրավական մեկնաբանությունից մինչև դրանց գործնական կիրառումն ու շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու հարցերին։

Քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է բնապահպանական արդարադատության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դատախազության փորձը և անդրադարձել ապօրինի օտարված բնապահպանական նշանակության հողերի վերադարձին, բնապահպանական վնասների առաջացմանը հանգեցնող օրենսդրական և իրավակիրառ բացերի վերացմանը, ինչպես նաև վայրի բնության և կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված դատախազական ներգործությանը։

Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը շեշտադրել է բնության հատուկ պահպանվող տարածքների, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանության կարևորությունը։ «Մեր գործունեության հիմքում կարևոր սկզբունք է՝ բնության հատուկ պահպանվող, այդ թվում՝ կանաչ տարածքները, չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականություն, դրանք Հայաստանի ներկա ու ապագա սերունդներինն են»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը հավելելով, որ Դատախազության հայցերի բավարարման և դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի տարբեր մարզերում ու Երևանում վերականգնվել են պետական և համայնքային սեփականության իրավունքները բնապահպանական նշանակության հողերի նկատմամբ։

Մասնավորապես՝

  • Երևանում՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվել է 7,5 հեկտար ընդհանուր մակերեսով 6 հողամասերի նկատմամբ, որոնց արժեքը գնահատվում է առնվազն 9 միլիոն 215 հազար ԱՄՆ դոլար։

  • Դիլիջան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում գտնվող՝ 67 հեկտար մակերեսով բնապահպանական հողամաս՝ առնվազն 12 միլիոն 436 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

  • Արարատի և Վայոց ձորի մարզերում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն են վերադարձվել շուրջ 5330 հեկտար բնապահպանական նշանակության հողեր՝ առնվազն 167 միլիոն 347 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

  • Սևանա լճի ափամերձ գոտում 2025 թվականի դեկտեմբերից դատախազական ներգործության հիման վրա իրականացված միջոցառումների արդյունքում ապօրինի կառույցներից մաքրվել է շուրջ 12 հեկտար ռեկրեացիոն տարածք։ Հայաստանի Հանրապետության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել 41 հողատարածք՝ առնվազն 1 միլիոն 696 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է, որ բնապահպանական ոլորտում Դատախազության ինստիտուցիոնալ դերը չի սահմանափակվում պետական և համայնքային շահերի պաշտպանությամբ։ Դատախազության ուշադրության կենտրոնում են նաև այն օրենսդրական և իրավակիրառ բացերը, որոնք կարող են հանգեցնել բնապահպանական վնասների։

Որպես օրինակ՝ Աննա Վարդապետյանը ներկայացրել է 2024 թվականի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով տեղի ունեցած դեպքերից հետո Դատախազության իրականացրած ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել էին Դեբեդ և Աղստև գետերի ափամերձ տարածքներում հողօգտագործման և կառուցապատման իրավական կարգավորումներում առկա բացթողումներ։ Դատախազությունը դիմել էր Կառավարություն՝ առաջարկելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ջրավազանային տարածքի կառավարման պլանը հաստատելու և ջրային ֆոնդի հողերի ցանկը սահմանելու ուղղությամբ։

«Նախաձեռնության նպատակը ոչ միայն տեղի ունեցած իրադարձություններին իրավական գնահատական տալն էր, այլև հետագայում նման աղետների ռիսկերի նվազեցմանը նպաստելը»,- շեշտել է Աննա Վարդապետյանը և, անդրադառնալով ազգային պարկերի հողերի օգտագործման օրենսդրական կարգավորումներին, ներկայացրել է նաև Դատախազության առաջարկները, որոնք ուղղված են բնության հատուկ պահպանվող տարածքներում հողերի ոչ նպատակային օգտագործման և բնական լանդշաֆտների վնասման ռիսկերի կանխարգելմանը։

«Բնության հատուկ պահպանվող տարածքներում տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը չպետք է հանգեցնի հողերի ոչ նպատակային օգտագործման, բնական լանդշաֆտների աղավաղման և, արդյունքում, հանրային շահի վնասման»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը։

Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև վայրի բնության պաշտպանությանն ուղղված դատախազական ներգործության կոնկրետ օրինակին։ «Երևանի բնակելի թաղամասերից մեկում բազմաբնակարան շենքի բակում օրենքի պահանջների խախտմամբ պահվող՝ «Կարմիր գրքում» գրանցված երեք գորշ արջերը, դատախազական ներգործության արդյունքում, քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի մարտի 19-ին տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ՝ Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրում, որտեղ հանձնվել են պատասխանատու պահպանության՝ հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Այս օրինակը ցույց է տալիս, որ կենդանական աշխարհի պաշտպանության հարցում իրավական գործընթացը չի կարող սահմանափակվել միայն իրավախախտման արձանագրմամբ կամ մեղադրանքի առաջադրմամբ։ Անհրաժեշտ է նաև ապահովել կենդանիների անվտանգ տեղափոխումը, պաշտպանությունն ու հետագա պատշաճ խնամքը»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Անդրադառնալով բնապահպանական իրավախախտումների դեմ պայքարում Դատախազության միջազգային համագործակցությանը՝ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Շրջակա միջավայրի դատախազների եվրոպական ցանցին (ENPE) Հայաստանի Հանրապետության դատախազության՝ դիտորդի կարգավիճակով միանալու փաստը։

Եզրափակելով՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ բնապահպանական արդարադատությունը պահանջում է հետևողական աշխատանք իրավական գործընթացի բոլոր փուլերում՝ բնապահպանական սկզբունքների մեկնաբանությունից մինչև իրավախախտումների քննություն, դատական գնահատական, իրավական միջոցների իրականացում և հետագա վնասների կանխարգելում։

«Իրավունքի գերակայությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը միմյանցից անջատ նպատակներ չեն։ Եվ մեր պատասխանատվությունն է ապահովել իրական և տեսանելի արդյունք՝ հանուն բնության, կենսոլորտի, կենսաբազմազանության և մարդու գենոմի պաշտպանության»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *