Թուրքիան հանձնառու է առավելագույնս նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելուն․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի Պաղեստինի շուրջ հակամարտությունը լուծելու համար․ գրում է ТАСС-ը:

«Ես կարծում եմ, որ որպես թյուրքական պետություններ՝ մենք պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք Պաղեստինի հարցի արդարացի լուծման հասնելու համար, որը մեզ համար մնում է արնահոսող վերք։ Սա ներառում է մարդասիրական օգնության մատակարարումը Գազային և վերակառուցման աշխատանքների արագ մեկնարկի համար անհրաժեշտ աջակցության տրամադրումը։ Մենք պետք է շարունակենք աջակցել 1967 թվականի սահմաններում անկախ և ինքնիշխան Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով», – ասել է Էրդողանն Անկարայում ԹՊԿ գագաթնաժողովի բացման ժամանակ։

Խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ «աջակցում է այն շփումներին, որոնք Ադրբեջանն իրականացնում է Հայաստանի հետ»։

«Հայտնում եմ մեր հանձնառությունը հարատև խաղաղության հասնելու գործում հնարավոր առավելագույն ներդրումն ունենալու հարցում։ Մեր տարածաշրջանում հակամարտությունն օգուտ չի բերում կողմերից ոչ մեկին և լուրջ հետևանքներ է ունենում համաշխարհային տնտեսության, առևտրի ու էներգետիկ շուկաների համար»,- ասել է նա։

Էրդողանը նաև «հույս է հայտնել, որ Իրանի շուրջ իրավիճակի վերջին սրացումը կլուծվի դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ուժով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *