
Նախօրեին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը լայն արձագանք է ստացել միջազգային մի շարք լրատվամիջոցներում։ Al Jazeera-ն հրապարակումը վերնագրել է «Հայաստանի խորհրդարանը վերածվել է բռնցքամարտի ռինգի․ մեկ ամսվա ընթացքում՝ արդեն երրորդ անգամ»։ Նշվում է, որ բախումը սկսվել է, երբ իշխանական պատգամավորն անդրադարձել է ընդդիմության առաջնորդի ընտանիքին։ Լրատվամիջոցը նաև հիշատակում է քթից արյունահոսող պատգամավորի մասին։
CBS News/KYMA-ն շեշտը դրել է միջադեպի մասնակիցների, տուժածների և շտապօգնության ժամանման վրա։ Նյութում նշվում է նաև, որ նիստն ավելի ուշ վերսկսվել է, իսկ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը միջադեպի պատասխանատվությունը վերագրել է ընդդիմադիր պատգամավորներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես դատապարտել է բռնությունը՝ միաժամանակ պաշտպանելով իր կուսակցության պատգամավորների գործողությունները։
CNN Greece-ը նշել է, որ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ չի ընդհատելու նիստի հեռարձակումը՝ հնարավորություն տալով հանրությանը տեսնել, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Լրատվամիջոցը հիշեցրել է նաև հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած նմանատիպ միջադեպը։
Ծեծկռտուքից տեսանյութեր են տարածել նաև CNN-ը, ABC News-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ։