
«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները, որպես համաձայնեցված թեկնածու, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: Դիմելով Մինասյանին՝ ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանն ասաց. «Գիտեք, ես միշտ հարգանքով եմ վերաբերվել ձեզ, քանի որ նախկինում կոլեգաներ ենք եղել: Ձեր անձին դեմ չեմ, բայց օրինակ դեմ եմ ձեր քաղաքական ուժի մոտեցումներին… Դուք գնում եք մի հանձնաժողով, որտեղ առնչվելու եք բազմաթիվ բիզնեսների հետ: ՀՀ-ում բիզնեսների մի ստվար զանգված պատկանում է ձեզ փոխկապակցված անձանց, ձեր ծանոթներին, ընկերներին, քաղաքական ընկերներին, ովքեր անցնում են ապօրինի ծագման գույքի մասով: Ո՞նց եք արդարությունը պահելու»: Մինասյանն արձագանքեց. «Փոխկապակցված անձ հասկացությունը իրավական բովանդակություն ունի: Ինձ հետ չկա որևէ փոխկապակցված անձ, որն այս մարմնի կարգավորման տիրույթում է տեսականորեն գտնվում կամ կգտնվի…»: