Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․   ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահներ չեն եղել։

Միքայելյանի թեկնածությունն առաջադրվել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից և նախապես քննարկվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։

Սևակ Միքայելյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Մասնագիտական կրթությունը շարունակել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ինչպես նաև Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցում։

2007–2024 թվականներին աշխատել է Հայաստանի Կենտրոնական բանկում՝ զբաղեցնելով տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ։ 2024–2025 թվականներին զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է ԿԲ նախագահից, նրա 2 տեղակալներից և 5 անդամներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *