Ուրբաթ երեկոյան Լեհաստանի Սահմանադրական դատարանի շենքի մոտ ցուցարարների բազմություն է հավաքվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձել են ճեղքել ցանկապատը և ներխուժել շենք։ Ոստիկանությունը նրանց ձերբակալել է, ինչից հետո ցուցարարները տարբեր իրեր են նետել իրավապահների ուղղությամբ։
Սահմանադրական դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկին չի կարողանում մուտք գործել շենք։ Ցուցարարները պահանջում են նրան ներս թողնել, իսկ ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում։
Սահմանադրական դատարանի փոխնախագահ Բարտլոմեյ Սոխանսկին իր հերթին հայտարարել է, որ Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում, հայտնում է Rzeczpospolita-ն։
Ավելի վաղ դատարանի կայքում հաղորդագրություն էր հրապարակվել այն մասին, որ կասեցվել են Սոխանսկու և դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկու լիազորությունները։
«Ինձ հայտնի չեն որևէ իրավական հիմքեր, որոնք թույլ կտային նման կերպ միջամտել դատարանի և անկախ դատավորի գործունեությանը։ Պետական հեղաշրջում է տեղի ունենում»,- հայտարարել է Սոխանսկին։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի պաշտոնանկությունը, հայտարարել է, որ «այլ ճանապարհ չկա»։
«Իրավունքի գերակայության վերականգնումը մեր պարտականությունն է։ «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցության կառավարման տարիների անօրինականություններից հետո այս գործընթացը հեշտ չի ընթանում, երբեմն ցավոտ է և վճռական գործողություններ է պահանջում։ Այլ ճանապարհ չկա»,- X-ի իր էջում նշել է նա։
Երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ ընդհատում է այցը Սենեգալ։
«Նման պահին նախագահը պետք է գտնվի Լեհաստանում։ Ընդհատում եմ այցս Սենեգալ։ Վերադառնում եմ Լեհաստան»,- գրել է նա X-ում։