Իրանը հայտարարել է ռազմական ագրեսիայի դեպքում լայնածավալ պատասխան հարված հասցնելու պատրաստակամության մասին։ Երկրի զինված ուժերն ավարտել են օպերատիվ ծրագրի մշակումը, որը վճռական պատասխան է նախատեսում ցանկացած հարձակման համար։ Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Իրանի ուժային կառույցների և քաղաքական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Իրանի զինված ուժերի համապարփակ օպերատիվ ծրագիրն ավարտված է, իսկ ցանկացած ռազմական ագրեսիայի վճռական, համապարփակ և չափազանց լայնածավալ պատասխան տալու որոշումը միանգամայն հստակ է», — հայտարարել է պաշտոնյան։
Նա նախազգուշացրել է Իրանի հակառակորդներին և նրանց տարածաշրջանային դաշնակիցներին, որ հնարավոր պատասխան հարվածի մասշտաբներն ու ուժգնությունը կգերազանցեն նրանց սպասումները և ցնցող կլինեն նրանց համար։
Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ հակառակորդի կողմից ահաբեկչական գործողությունների դեպքում Թեհրանի՝ օրինական համարվող թիրախների ցանկը կընդլայնվի։
Նրա խոսքով՝ այդ ցանկը կարող է ներառել Իրանի հակառակորդների և նրանց տարածաշրջանային դաշնակիցների բոլոր քաղաքական կենտրոնները, օբյեկտներն ու կենտրոնակայանները։