Հայաստանում ավելի քան 1 300 քաղաքացի ամրագրվել է նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար՝ համապատասխան գրասենյակների բացումից հետո առաջին ժամերին։ Այս մասին հայտնել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կենսաչափական անձնագրային նոր համակարգի ներդրմանը նվիրված միջոցառման ժամանակ։
«Այս պահին արդեն ունենք ավելի քան 1 300 ամրագրում», – հայտնել է ՆԳ նախարարը։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ ՀՀ սահմանային անցակետերում առաջիկայում կգործի e-Gate համակարգը։
«Իհարկե, ճանապարհորդելիս առանց սահմանային բարդ ստուգումների անցումն առաջին հերթին վերաբերում է ՀՀ սահմանային անցման կետերին։ Մենք առաջիկայում՝ սկսած «Զվարթնոց» օդանավակայանից, կունենանք e-Gate (էլեկտրոնային դարպասների) համակարգը, որտեղ քաղաքացիները պարզապես ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով, եթե ունենան կենսաչափական անձնագիր»,- այսօր նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման պաշտոնական արարողության ժամանակ ասել է նա։
Նշենք, որ առաջին կենսաչափական անձնագրերը ստացան Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։