Գիտնականները թանգարանային հավաքածուների շնորհիվ երկու անհայտ կենդանատեսակ են հայտնաբերել․ դրանցից մեկն արդեն վերացել է

Գիտնականները հայտնաբերել են բանդիկուտների՝ Ավստրալիայում և Նոր Գվինեայում բնակվող փոքր պարկավոր կաթնասունների երկու՝ նախկինում անհայտ տեսակ։ Ինչպես պարզվել է, դրանցից մեկն անհետացել է մոտ հարյուր տարի առաջ՝ այդպես էլ աննկատ մնալով գիտության համար։ Հետազոտությունը նաև հնարավորություն է տվել զգալիորեն ընդլայնել մեկ այլ տեսակի՝ քվենդայի կամ հարավարևելյան գորշ բանդիկուտի պատմական տարածման արեալի մասին պատկերացումները։ Տասնամյա աշխատանքի արդյունքները հրապարակվել են Australian Journal of Taxonomy հանդեսում։

Հետազոտողներն Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Եվրոպայում և ԱՄՆ-ում հավաքված հարյուրավոր թանգարանային նմուշներ են ուսումնասիրել։ Նրանք համեմատել են կենդանիների գանգերի չափերը և գենետիկական վերլուծություն իրականացրել՝ տարբեր պոպուլյացիաների միջև ազգակցական կապերը ճշտելու համար։

Գլխավոր հայտնագործություններից մեկը նոր տեսակն է՝ փոքր գորշ բանդիկուտը (Isoodon microtis), որը բնակվել է Հարավային Ավստրալիայում։ Նրա մնացորդները տասնամյակներ շարունակ պահվել են թանգարանային հավաքածուներում, սակայն միայն այժմ են գիտնականները պարզել, որ այն առանձին տեսակ է։ Հետազոտողների գնահատմամբ՝ կենդանին վերացել է մոտ մեկ դար առաջ։

Մեկ այլ հայտնագործություն էր այն, որ Նոր Գվինեայի գորշ բանդիկուտը (Isoodon moresbyensis), որը նախկինում համարվում էր հյուսիսային գորշ բանդիկուտի ենթատեսակ, իրականում առանձին տեսակ է։

Հետազոտությունը փոխել է նաև քվենդայի (Isoodon fusciventer) տարածման մասին պատկերացումները։ Նախկինում համարվում էր, որ այդ տեսակը բնակվել է հիմնականում Արևմտյան Ավստրալիայում։ Սակայն թանգարանային նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ պատմականորեն այն հանդիպել է նաև Ադելաիդայի շրջակայքում, Կենգուրու կղզում և Նոյտսի կղզեխմբում։ Այսպիսով, նրա նախկին արեալը տարածվել է զգալիորեն ավելի արևելք, քան ենթադրվում էր։

Բացի դրանից, գիտնականներն առանձնացրել են նախկինում չնկարագրված մի քանի ենթատեսակ՝ ոսկեգույն բանդիկուտի երկու, քվենդայի չորս և հյուսիսային գորշ բանդիկուտի մեկ ենթատեսակ։

Այս հայտնագործությունները կարևոր են կենդանիների պահպանության համար։ Արեալների և դասակարգման ճշգրտումը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ գնահատել անհետացման վտանգը և բաշխել բնապահպանական ռեսուրսները։ Օրինակ՝ քվենդայի պատմականորեն ավելի լայն տարածվածությունը կարող է նշանակել, որ ընդհանուր առմամբ այս տեսակն ավելի քիչ խոցելի է, քան նախկինում համարվում էր։ Միևնույն ժամանակ, հարավային գորշ բանդիկուտի արեալն ավելի սահմանափակ է եղել, ինչը կարող է վկայել նրա գոյությանը սպառնացող ավելի մեծ վտանգի մասին։

Այժմ հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել պարկավորների մեկ այլ ցեղ՝ երկարաքիթ բանդիկուտներին։ Ավստրալիայի եվրոպական գաղութացումից հետո այս խմբի հինգ տեսակ արդեն անհետացել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *