Ինչու են մարդիկ ընտրում մարդկային կարեկցանքը, նույնիսկ եթե ԱԲ-ն ավելի լավ է մխիթարում

Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Արդյունքները հրապարակվել են Communications Psychology ամսագրում։

Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։ Փորձերի մասնակիցներն ավելի հաճախ չաթբոտերի պատասխանները գնահատել են որպես ավելի նրբանկատ, ուշադիր և իրենց զգացմունքներն ընդունող։ Սակայն երբ նրանց առաջարկել են ընտրել մարդու և արհեստական բանականության աջակցության միջև, մեծամասնությունը նախընտրել է մարդուն, նույնիսկ եթե նրա պատասխանը պակաս ապրումակցող է թվացել։

Հնարավոր բացատրություններից մեկը կապված է այն ջանքերի հետ, որոնք, աջակցություն ստացողի կարծիքով, զրուցակիցը ներդնում է աջակցության խոսքերն ընտրելիս։ Երբ մարդը փորձում է հասկանալ ուրիշի ապրումները և գտնել ճիշտ խոսքերը, դա ընկալվում է որպես հոգատարության դրսևորում. հուզական ջանքերը վկայում են հարաբերությունների կարևորության մասին։

Ընդ որում, հետազոտության մասնակիցները հաճախ համարել են, որ ԱԲ-ն նույնպես զգալի ջանքեր է գործադրում կարեկցող պատասխան պատրաստելու համար։ Որքան ավելի մեծ ջանքեր էին, նրանց կարծիքով, պահանջվում պատասխանը ձևակերպելու համար, այնքան ավելի ապրումակցող էր այն թվում։ Սակայն ընկալվող ջանքերի և կարեկցանքի միջև կապն ավելի ուժեղ էր մարդկանց դեպքում. երբ մարդն իսկապես ջանք է գործադրում, նրա և ԱԲ-ի պատասխանների միջև տարբերությունը նվազում է։

Հետազոտողները նաև պարզել են, որ արհեստական բանականության հաճախակի օգտագործումն ինքնին չի նշանակում, թե մարդը սկսում է դրա հուզական աջակցությունը նախընտրել մարդկային աջակցությունից։ Փորձերի շրջանակում ապրումակցման սուբյեկտիվ գնահատականներով նույնիսկ ճգնաժամային օգնության ոլորտում վերապատրաստված մասնագետների պատասխանները մեծ մասամբ զիջել են ԱԲ-ի պատասխաններին։

Միևնույն ժամանակ հեղինակներն ընդգծում են, որ արդյունքները չեն ապացուցում իրական հարաբերություններում հուզական աջակցություն ցուցաբերելու հարցում ԱԲ-ի գերազանցությունը։ Փորձերում գնահատվել են առանձին պատասխաններ, այլ ոչ թե տարիների շփումը մտերիմ մարդու հետ, որը գիտի զրուցակցի անցյալը, բնավորությունն ու ապրումները։

Հետազոտողների կարծիքով, արհեստական բանականությունը կարող է օգտակար լինել որպես աջակցության լրացուցիչ աղբյուր, հատկապես երբ կողքին չկա մեկը, որը պատրաստ է լսել։ Այն նաև կարող է օգնել ճիշտ խոսքեր գտնել ցավակցություն հայտնելու կամ դժվար շրջան ապրող մարդու հետ զրուցելու համար։

Սակայն գիտնականները զգուշացնում են, որ կարևոր է տարբերակել բուն պատասխանի որակը և այն արտաբերողի հետ հարաբերությունների արժեքը։ ԱԲ-ն կարող է օգնել մարդուն զգալ, որ իրեն լսում են, բայց դա չի նշանակում, թե այն կարող է լիովին փոխարինել մարդկային մտերմությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *