
Apple ընկերությունը գերմանացի մի քանի քաղաքական գործիչների նախազգուշացրել է նրանց բջջային հեռախոսների դեմ լրտեսական ծրագրերի միջոցով հնարավոր հաքերային հարձակումների մասին, հայտնում է գերմանական Bild-ը։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի թվայնացման նախարար Կարստեն Վիլդբերգերը հաստատել է այդ տեղեկությունը։ Նա հավելել է, որ խոսքն ընկերության կողմից ուղարկված այն ծանուցման մասին է, ըստ որի՝ որոշակի սարքեր, հնարավոր է, վտանգված լինեն այսպես կոչված լրտեսական ծրագրերի միջոցով, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։
Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի 29-ից սպառնալիքի մասին ծանուցումներ են ստացել iPhone-ի օգտատերերը, որոնց թվում, ենթադրաբար, եղել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ և դաշնային կառավարության անդամներ։
Ինչպես նշում է Bild-ը, խոսքը Mercenary Spyware-ի՝ մասնագիտացված ընկերությունների կողմից մշակվող լրտեսական ծրագրի մասին է։ Այն կիբերհանցագործներին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ օգտատիրոջ նամակագրությանը, կոնտակտներին, օրացույցին և տեղադրության տվյալներին, ինչպես նաև գաղտնի միացնել սարքի խոսափողն ու տեսախցիկը։
Միևնույն ժամանակ, առայժմ հաստատված չէ, որ հարձակվողներին իսկապես հաջողվել է մուտք գործել հեռախոսներ։