«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը խորհրդարանում 2027-ի բյուջեի քննարկման ժամանակ հարց ուներ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։
«Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը բնակվում է Կոնդի ամառանոցներում ու պարբերաբար ներկայացնում է իր առօրյան, ինչից կարելի է ենթադրել, որ ապրում է բավական համեստ կյանքով․ կուկուռուզ, պեռաշկի, թթու լավաշ։ Կասե՞ք՝ Կոնդի ամառանոցային տնտեսության վրա տարեկան որքա՞ն գումար է ծախսվում, որ իմանանք, թե ի՞նչ արժի վարչապետի մեկ օրվա կյանքը»,- հարց տվեց Ղազարյանը։
Նա հարցրեց նաև «Վարչաբենդի» ֆինանսավորման մասին․ «Վարչապետն իր մասնակցությամբ հիմնադրել է վոկալ-գործիքային համույթ, էդ համույթի անդամները պետբյուջեից հոնորար ստացե՞լ են․ ինձ հատկապես հետաքրքիր է թմբկահարի հոնորարը»։
Ղազարյանին հետաքրքիր էր նաև, թե 30 մարդը 2 օրում 5 մլն դրամի ի՞նչ է կերել։ Բանն այն է, որ մամուլը գրել էր, որ Փաշինյանի՝ ժամանակներ առաջ նախաձեռնած հեծանվային մարաթոնի վրա ծախսվել է 5 մլն դրամ։
«Բացի այդ,- շարունակեց ընդդիմադիրը,- ըստ նախագծի՝ տոների և հիշատակի օրերի վերաբերյալ օրենքով նախատեսված է գումար հատկացնել միայն «Քաղաքացու օր» և «Մեր ժամանակների հերոսը» նախագծերի համար, մինչդեռ «Մեր ժամանակների հերոսը» տոն չէ, նման տոն չկա պետական տոնացույցում։ Այսինքն, ըստ բյուջեի, դուք չեք նախատեսում, որ մեր երկրում պետք է նշվեն, Անկախության, Առաջին հանրապետության, Շուշիի ազատագրման, Երկրապահի, Հաղթանակի տոները»։
Ի պատասխան Մակունցն ասաց, որ նախագծում ներկայացրել են այն տոները, որոնք իրականացնելու է վարչապետի աշխատակազմը, մյուս տոներն իրականացնելու են գերատեսչությունները՝ նախագահական, ԿԳՄՍ նախարարություն և այլն։
«Ինչ վերաբերում է մյուս հարցերին, որ բացվածք են ենթադրում, պետք է խնդրեմ՝ հարցում ուղարկեք»,- մանրամասնեց Լիլիթ Մակունցը։