Բանակում արձանագրված ինքնասպանության դեպքերից որոշները կարող են կապված լինել անձանց՝ որոշակի աղանդավորական խմբերի հարելու հետ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ զինծառայողներն ունեն ինքնասպանության հակումներ, իսկ որոշ խմբեր, հնարավոր է, քարոզում են ինքնասպանություն։
«Վերջին օրինակով՝ անձի վրա դաջվածքներ կան։ Մասնագետները, հոգեբաններն ասում են, որ նման դաջվածքներ անում են ինքնասպանության հակված անձինք»,- նշեց ՔԿ նախագահը։
Պողոսյանի խոսքով՝ խնդիրը ազգային անվտանգության տեսանկյունից մտահոգիչ է։ Նա հայտնել է, որ տվյալ դեպքով դիմել է ԱԱԾ տնօրենին, և առաջիկայում համապատասխան գործընթացներ կսկսվեն։
«Այսպիսի մի քանի դեպքեր կան»,- հավելեց ՔԿ նախագահը։