«Քաղաքակիրթ» արևմտյան աշխարհի առաջնորդները ինքնասպանության ծրագիր են առաջարկում հայ հասարակությանը․ Ձյունիկ Աղաջանյան

«Քաղաքակիրթ» արևմտյան աշխարհի առաջնորդները հայ հասարակությանն ինքնասպանության ծրագիր են առաջարկում։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Դիվանագետը հիշեցրել է քաղաքական շարժառիթներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին։ Նրա փոխանցմամբ՝ առաջին զեկույցն արդեն պատրաստվել և ներկայացվել է, կներկայացվի նաև երկրորդը։

Աղաջանյանի խոսքով՝ քաղբանտարկյալների վերաբերյալ տվյալների հրապարակումը հնարավորություն կտա հանրությանն ավելի մանրամասն ներկայացնել այն իրավիճակը, որն իշխանությունների ջանքերով փորձ է արվում մատուցել որպես «նոր նորմա»։ Նա ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ այդ «նոր նորմայի» ձևավորումը։ Դիվանագետի գնահատմամբ՝ դրա բաղադրիչներն են վախի մթնոլորտը, մարդկանց նկատմամբ սահմանափակումները, որպեսզի նրանք չհամարձակվեն պաշտպանել իրենց իրավունքները, հնարավոր դիմադրության կանխումն ու դրա առաջնորդների չեզոքացումը։

«Ընթանում է հայկական ինքնության ոչնչացման գործընթաց, որը սպասարկում է աշխարհաքաղաքական շահերը։ Նույն տրամաբանությամբ պետք է դիտարկել նաև միջազգային գործընկերների հետ աշխատանքը՝ մշտապես ստիպել նրանց լսել հանրության ձայնը, քանի որ, կատարվողին քաջատեղյակ լինելով հանդերձ, նրանք չարձագանքելու հրահանգ ունեն՝ իշխանություններին տոն չտալու համար։ Նույնի մասին են վկայում նաև ԵԽԽՎ զեկույցի եզրակացությունը և մեր ՍԴ-ի որոշումը, որն արձանագրում է խախտումները, բայց այլ եզրակացություն է անում։ «Քաղաքակիրթ» արևմտյան աշխարհի ղեկավարները հստակ ծրագիր են իրականացնում, որի գործիքակազմը փոխանցվել է Հայաստանի իշխանություններին՝ ամեն գնով ստիպել հանրությանն ընդունել այդ ծրագիրը։ Իսկ մեր հանրությունը չի կարող ինքնասպանություն գործել, և սա ինքնասպանության ծրագիր է»,– զգուշացրել է դիվանագետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *