ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ մինչև տարեվերջ Իսրայելին ռազմական օգնությունը դադարեցնելու մասին, զարմանք է առաջացրել Իսրայելի կառավարությունում և պաշտպանական կառույցներում։
Ինչպես հայտնում են իսրայելական Walla և Ynet պարբերականները, երկրի ֆինանսների նախարարության ներկայացուցիչները տեղյակ չեն եղել Վաշինգտոնի՝ այդ որոշման իրագործումն անհապաղ սկսելու մտադրության մասին։
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմից որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացվել՝ կապված օգնության դադարեցման հետ։ Նրա խոսքով՝ թեև նախարարությանը հայտնի են եղել ԱՄՆ-ի նման մտադրությունների մասին, այնտեղ չէին սպասում, որ որոշումն այդքան արագ կիրագործվի։
Ynet-ի աղբյուր հանդիսացող ֆինանսական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ որոշումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Իսրայելի տնտեսության համար։ Նրա խոսքով՝ երկու տարով ռազմական օգնությունից հրաժարվելը կնշանակի շուրջ 8 միլիարդ դոլարի կորուստ։ Նա նշել է, որ այդ գումարը ստիպված կլինեն փոխհատուցել քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։
Ըստ տեղեկությունների՝ Թրամփի հայտարարությունն անակնկալ է եղել նաև Իսրայելի պաշտպանության նախարարության և բանակի ղեկավարության համար։
Պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը Իսրայելի պետական Kan հեռուստառադիոընկերության հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն ոչ ոք չէր սպասում, որ նման հայտարարություն կհնչի հենց այդ օրը։
Պաշտոնյան հավելել է, որ կուսումնասիրվեն որոշման հնարավոր հետևանքները։ Միևնույն ժամանակ, համապատասխան որոշման մասին դեռևս պաշտոնապես չեն տեղեկացվել ոլորտային գերատեսչությունների պատասխանատուները։
Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետի աշխատակազմը մոտ ժամանակներս կմեկնաբանի Թրամփի հայտարարությունը։