Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկություններ է փոխանցել, որ Իրանը ուսումնասիրում է հակառակորդների դեմ քիմիական զենք կիրառելու հնարավորությունը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների պաշտոնյաների խոսքով՝ Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել հետախուզական տեղեկություններ, ըստ որոնց՝ Իրանը դիտարկում է իր հակառակորդների դեմ քիմիական զենք կիրառելու հնարավորությունը։ Ամերիկացի որոշ պաշտոնյաներ անհանգստությամբ են արձագանքել այդ տեղեկություններին, մյուսները՝ խորը թերահավատությամբ։ ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաներ կարծում են, որ այդ հետախուզական տվյալները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության քարոզարշավի մասն են՝ նպատակ ունենալով համոզել ԱՄՆ-ին կրկին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ», – գրում է NYT-ը։
Պաշտոնյաների մի մասը կարծում է, որ նման նախազգուշացումներին պետք է լրջորեն վերաբերվել՝ հաշվի առնելով Իրանի՝ ռազմական գործողությունները վերսկսելու նախապատրաստությունները։
«Տարածաշրջանի պաշտոնյաներից մեկը նաև հայտնել է, որ Իսրայելը Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է, թե Իրանը աշխատում է իր քիմիական զենքը մարտական կիրառման համար պատրաստի վիճակի բերելու ուղղությամբ։ Իսրայելի պաշտոնյաները ապացույցներ չեն ներկայացրել, այլ հայտնել են իրենց գնահատականները։ Ըստ այդ պաշտոնյայի՝ Պարսից ծոցի երկրների կառավարությունները դա լուրջ չեն ընդունել», – նշում է պարբերականը։
NYT-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը պնդել էր, թե Իրանն ունի քիմիական զենք կամ մտադիր է ձեռք բերել այն։ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ նման զինատեսակներ են մշակել 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում, սակայն դրանից հետո ոչնչացրել են դրանք։
Միևնույն ժամանակ, ըստ NYT-ի՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտոնյաները նախազգուշացրել են ԱՄՆ-ի և այլ երկրների հետախուզական ծառայություններին, որ Իրանի քիմիական զենքի սպառնալիքն ավելի հրատապ է, քան Թեհրանի միջուկային հավակնությունները։
Սպիտակ տանը և ԿՀՎ-ն հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները։