Ազատագրված հայրենիքում հիշատակի օրերն այլ իմաստ ունեին

«Հաղթես հավիտյան, բանակ հաղթական, դեռ պիտի մտնես Վան, Կարին, Արդահան»։ Այս տողերը գրված էին ազատագրված Քարվաճառի միջնակարգ դպրոցի մուտքի մոտ. առաջին բանն էր, որ աչքի էր զարնում դպրոց մտնելիս։ 

Այս տողերը Քարվաճառում պաթետիկ չէին հնչում։ Հայոց հաղթական բանակն ազատագրել էր Քարվաճառը։ 

Դարերի ընդմիջումից հետո, շարունակաբար հող ու պետականություն կորցնելուց հետո, հայոց բանակը հայրենի հող էր ազատագրել՝ Շուշի ու Քարվաճառ, Դադիվանք ու Գանձասար։ 

Ազատագրված հայրենիքում ամեն ինչ այլ իմաստ ուներ. ազատագրված հայրենիքում կառուցված դպրոցը, մշակույթի կենտրոնը, մարզադաշտն ու ամեն վերաբնակչի տունը հաղթանակի ու վերահայացման իմաստ ունեին։ 

Քարվաճառում այլ կերպ էին ընկալվում նաև մեծ կորուստների ու հիշատակների օրերը։ 

Հայոց ցեղասպանության ոգեկոչումն ամեն տարի տեղի էր ունենում նույն սցենարով. ապրիլի 23-ի երեկոյան՝ ջահերթ քաղաքի մի ծայրից մյուսը՝ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար։ Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, երթ դեպի նույն հուշարձանն ու հիշատակի միջոցառում՝ Քարվաճառի մշակույթի տանը։ 

Երթի հիմնական մասնակիցները Քարվաճառի երեխաներն էին. հայոց ազատագրված հողում ծնված երեխաները, որոնք իրենց գոյությամբ ու Քարվաճառում ապրելով՝ ցեղասպանության հրեշավոր նպատակի լավագույն պատասխանն էին. մենք ոչ միայն չէինք ոչնչացել որպես ազգ, այլ նաև հայրենիք էինք ազատագրել, որտեղ հայ երեխաներ էին ծնվում։ 

Քարվաճառի մշակույթի տան սաները, թեկուզ երբեմն անվարժ, ազգային պարեր էին պարում ու հայրենասիրական երգեր երգում։ Այդ երգերը ազատագրված հայրենիքի լիիրավ տերերի շուրթերից հնչում էին ամենաանկեղծ ու ազդեցիկ ձայնով, ու լսածս բոլոր երգերից ամենահուզիչն էին։

Ազատագրված հայրենիքն իրենց ծննդավայր ունեցող երեխաներն ու պատանիներն այսօր տեղահանված են ու հայրենազուրկ, նրանց ծննդավայրը՝ կորցնելուց զատ նաև մոռացման մեծ վտանգի առաջ։

Ցեղասպանության տարելիցի օրերն առավել հուսաբեկ ու անպատասխան են դարձել…

Թամարա Գրիգորյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *