ՀՀ Ներքին գործերի նախարարությունը դեռ չի սահմանել, թե որքան կարժենան «գոլդ» կամ ցանկալի համարներով կենսաչափական անձնագրերը։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Անդրադառնալով կենսաչափական անձնագրերի համար լրացուցիչ վճարով «գեղեցիկ» համարներ ընտրելու հնարավորությանը, որի մասին ավելի վաղ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարը նշեց, որ վերջնական գնային քաղաքականությունը կձևավորվի համակարգի գործարկումից հետո։
«Այդ մասին որոշում կունենանք 2027 թ. հունվար–փետրվարին. կսկսենք պրոցեսը, մի քանի ամիս կաշխատենք ու հետո կորոշենք գնային կոնկրետ քաղաքականությունը։ Դա քաղաքացու ցանկությունն է լինելու․ եթե ուզում ես ունենալ կոնկրետ թվով անձնագիր, կարող ես հավելյալ գումարի դիմաց ստանալ, եթե ոչ՝ որևէ հավելյալ վճարի մասին խոսք լինել չի կարող»,– ընդգծեց Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ ստացված շահույթի բաշխման մեխանիզմները դեռ քննարկվելու են։
Հիշեցնենք, որ սովորական կենսաչափական անձնագրի արժեքը սահմանված է 28,650 դրամ։
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել էր, թե արդյոք նախատեսվում է անձնագրային բաժինների կրճատում և բյուջետային խնայողություն։
«Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու. այնպես եք նշում, թվում է` հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել»,– հեգնեց պատգամավորը։
Պատասխանելով հարցին՝ ՆԳ նախարարը պարզաբանեց, որ թեև լինելու են որոշակի կրճատումներ, սակայն 2027 թվականի կտրվածքով էական ֆինանսական խնայողություններ չեն պլանավորվում, որպեսզի համակարգի անցումը կատարվի հնարավորինս սահուն։
Սարգսյանի խոսքով՝ անձնագրային բաժինները միայն փաստաթուղթ տրամադրելու գործառույթ չունեն․ դրանք կարևոր դեր են խաղում նաև ընտրական գործընթացների կազմակերպման հարցում։ «Թվային պլատֆորմում է գեներացվում, բայց անձը մի անգամ պիտի այցելի գրասենյակ, որպեսզի վերջնական նույնականացում անենք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ գործող գրասենյակները կվերաձևավորվեն նոր գործառութային բազայով և կշարունակեն աշխատանքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Կառավարությունը հաստատել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգը, որով նախատեսվում է փաստաթղթերի ստացումը հնարավոր դարձնել նաև ինքնաշխատ եղանակով՝ առևտրի կենտրոններից։ Հոկտեմբերի 31-ին «Երևան Մոլում» արդեն իսկ բացվել է նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ