Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոյի քննությամբ անցնող անվտանգության ծառայության երկու աշխատակից ազատվել են պաշտոնից

Ուկրաինայի անվտանգության ծառայության (СБУ) ղեկավար Ալեքսանդր Պոկլադը պաշտոնից ազատել է գերատեսչության երկու բարձրաստիճան աշխատակցի, որոնք անցնում են «Կարթագեն» գործողության շրջանակում Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) վարած քննությամբ, հայտնում է РБК-Украина-ն։

Գերատեսչությունում հայտարարել են, որ լիակատար աջակցություն են ցուցաբերում քննությանը և նպաստում բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունների իրականացմանը։

Պոկլադն ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շահագրգռված է թափանցիկ, օբյեկտիվ և անաչառ քննությամբ։ Ըստ նրա՝ գերատեսչությունը կառուցողականորեն համագործակցում է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ղեկավարության հետ։

Բացի դրանից, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը կապ է պահպանում գործընկեր երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ բացահայտված հանցագործությունների քննությունն այլ իրավազորություններում ևս ապահովելու համար։

Պոկլադն առանձին դիմել է գործով անցնող՝ «Մեքսիկացի» մականունով հայտնի անձին՝ առաջարկելով նրան կամավոր վերադառնալ Ուկրաինա և հանձնվել իրավապահ մարմիններին։

«Հակառակ դեպքում մենք ինքներս կգտնենք նրան, որտեղ էլ որ թաքնվի։ Փորձ ունենք։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն աշխատում է և աշխատելու է միայն Ուկրաինայում»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հրապարակել էր խոսակցությունների ձայնագրություններ, որոնք, ըստ քննության վարկածի, վկայում են նոր հանցավոր կազմակերպության գործունեության մասին. այն ապօրինի օգուտ է տրամադրել իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց։ Բյուրոյի տվյալներով՝ ենթադրյալ սխեմայում ներգրավված են եղել Ուկրաինայի անվտանգության ծառայության, Ազգային ոստիկանության և Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի գործող աշխատակիցներ։

«Կարթագեն» գործողության շրջանակում Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության ազգային պետականության պաշտպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ, գեներալ Սերգեյ Դուկային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *