Հայաստանի մարզերի շուրջ 40 ավագ դպրոցներում իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» (AI Generation) ծրագիրը նախատեսվում է ընդլայնել: Նպատակն է դպրոցական մակարդակում ձևավորվող գիտելիքն ու մասնագիտական orienting-ը (կողմնորոշումը) տրամաբանորեն շարունակել նաև բարձրագույն կրթության համակարգում։
Այս մասին Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հարցին։
Փոխվարչապետը հետաքրքրվել էր դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ) ուսուցման ընդգրկվածությամբ և զարգացման հեռանկարներով՝ կարևորելով դպրոց-բուհ կրթական շղթայի ամրապնդումը։
Նախարարի խոսքով՝ մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացվող նախագծերն ուղղված են ինչպես խորքային գիտելիքների ձևավորմանը, այնպես էլ աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
«Սեպտեմբերից ընդլայնել ենք ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը։ FAST հիմնադրամի հետ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրն այսօր հասանելի է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 40 ավագ դպրոցներում, և մենք կանխատեսում ենք դրա հետագա ընդլայնումը։ Սա ծավալուն նախապատրաստական աշխատանք է պահանջում, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստում և հավելյալ մասնագետների ներգրավում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ որդեգրված մոտեցման արդյունավետության մասին են վկայում Արհեստական բանականության միջազգային դպրոցական օլիմպիադաներում հայ աշակերտների գրանցած հաջողությունները: Նա հատուկ կարևորել է այն փաստը, որ ազգային հավաքականի կազմում ընդգրկված են նաև մարզային պետական դպրոցների աշակերտներ։
Անդրեասյանը հավելել է, որ դպրոցական ծրագրերի բուհական շարունակականությունն ապահովելու մեխանիզմներն այժմ ակտիվ քննարկման փուլում են, և տարբեր նախաձեռնություններ համադրվում են ամբողջական համակարգ ձևավորելու համար։