
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի առաջնության երկրորդ դիվիզիոնի՝ մինչև 20 տարեկանների «Ուբերլանդիա» – «Մամորե» կիսաեզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավար Ֆերնանդո Պատրիկը խաղի ընթացքում 53 կարմիր քարտ է ցույց տվել։ Այս մասին հայտնում է CNN Brasil-ը։
Երկրորդ խաղակեսում, երբ «Մամորեն» հաղթում էր 3։1 հաշվով, զանգվածային ծեծկռտուք է սկսվել։ Դրան մասնակցել են երկու թիմերի ֆուտբոլիստները, այդ թվում՝ պահեստայինների նստարանի խաղացողները, ինչպես նաև մարզչական շտաբների ներկայացուցիչները։
Ընդհանուր առմամբ, «Ուբերլանդիայի» կազմում կարմիր քարտ է ստացել 24 մարդ, իսկ «Մամորեի» կազմում՝ 29-ը։ Հեռացվածների թվում եղել են ոչ միայն ֆուտբոլիստներ, այլև մարզչական շտաբի որոշ անդամներ և թիմերի պաշտոնական ներկայացուցիչներ։
Հանդիպումը ռեկորդային է դարձել կարմիր քարտերի քանակով։ Մինչ այդ հեռացումների ամենամեծ թիվը գրանցվել էր 2011 թվականի փետրվարի 27-ին Արգենտինայի առաջնության հինգերորդ դիվիզիոնի «Կլայպոլե» – «Վիկտորիանո Արենաս» հանդիպման ժամանակ, երբ մրցավարը 36 կարմիր քարտ էր ցույց տվել։