Ժողովուրդը պետք է գիտակցի, որ այսօր ամենակարևորն ասֆալտը չէ, այլ իր արժանապատվությունը, երկրի կորստի առաջ է կանգնած ժողովուրդը․ Աննա Մայիլյան

Ժողովուրդն այսօր պետք է գիտակցի, որ կանգնած է վտանգների առաջ, որ ամենակարևորն այսօր փռված ասֆալտը չէ, այլ իր արժանապատվությունը, իր երկրի կորստի առաջ է կանգնած ժողովուրդը․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը։

«Ես, օրինակ, հանգիստ չեմ քնում, կարելի է ասել՝ վաղուց չեմ քնում, բայց առավել ևս այսօր․․․Մեր երկիրն ամեն վայրկյան կորցնում է տարածք, իսկ հիմա էլ Սահմանադրության մասին է խոսք գնում․․․Փոփոխությունները մեր օգտին չեն արվում, այդ փոփոխությունների դեմը պետք է առնվի անպայման»,- ասաց նա։

Հարցին՝ մտավորականները պատրա՞ստ են ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի Սահմանադրության նոր նախագիծը չընդունվի, ասաց․ «Մենք ազգովի, արվեստագետներն էլ, բնականաբար, մեր ազգի ներկայացուցիչներն են, պետք է նախ արագ, այս վայրկյանից գիտակցենք խնդիրը, մյուս վայրկյանին այդ խնդրի լուծումը տանք․․․Դրանք արտաքին թելադրանքներ են, որը մենք պետք է գիտակցենք, դարեդար է նույն բանը կատարվում, այսօրվա հարց չէ, և եթե մենք Հայքի զավակներն ենք և ապրում ենք այս երկրում, պետք է ուղղակի հասկանանք, որ մե՛նք պետք է պաշտպանենք մեր երկիրը»։

ՀՀ վաստակավոր արտիստի խոսքով՝ լինելով անվերջանալի վտանգների տակ ապրող ժողովուրդ, որն ունի հինավուրց քաղաքակրթության արմատներ, իրավունք չունենք այսօր մտածել մյուս ազգերի և երկրների պես․ «Մենք պետք է մտածենք «հայավարի», մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը»։

Նշենք, որ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է մտավորականների հետ՝ քննարկելու երկրի առջև ծառացած խնդիրները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *